«Ուրախ Ամանոր՝ սահմանում». Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր ծրագիրը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնը կազմակերպում է «Ուրախ Ամանոր՝ սահմանում» ծրագիրը, որի նպատակն է շնորհավորել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, պարգևել ամանորյա ուրախ տրամադրություն: Ըստ Panorama.am-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
«Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը բավականին առիթներ ունեցել է դրամական, նյութական օժանդակություն ցուցաբերել, ինչը շարունակվելու է հետայսու: Սոցիալական անապահովության հարցը Հայաստանում բավականին լուրջ է, սահմանամերձ շրջաններում էլ կա այս խնդիրը, բայց մեր այս ծրագրի բուն նպատակն այդ մարդկանց ոչ թե սոցիալապես աջակցելն է, ձեռք մեկնելը, այլ շնորհավորել Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ»,- ասաց նա:
Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի ներկայացմամբ, դեկտեմբերի 19-ին ժամը 11:00-20:00-ն երևանյան մի քանի սուպերմարկետների հաճախորդ քաղաքացիներին առիթ է ընձեռվում իրենց տոնական գնումներին զուգահեռ գնումներ կատարել նաև շնորհավորելու համար սահմանամերձ գյուղի բնակիչներին: Քաղաքացիների կողմից գնված ամբողջ ապրանքը դեկտեմբերի 21-ին հասցվելու է Իջևանի ութ սահմանամերձ գյուղ, որտեղ Թեմակալ առաջնորդի, տեղի հոգևորականների և համայնքապետերի առաջնորդությամբ տեղի կունենա ապրանքների բաշխումը:
Այդ սուպերմարկետներում դեկտեմբերի 19-ին լինելու են Սոցիալական ծառայության կենտրոնի կամավորները, որոնք նախ մտնողներին տրամադրելու են տեղեկատվական թերթիկներ, իսկ մյուս կամավորներն ընդունելու են հաճախորդների կողմից գնված և ծրագրին տրամարդվող ապրանքները՝ դրամարկղերի մոտ: Քանի որ ծրագրի նպատակը շնորհավորելն է, նախընտրելի է՝ քաղցրավենիք, գրենական պիտույքներ, խաղալիքներ, տնտեսական ապրանքներ, պարենային սննդամթերք:
«Այս ծրագրի միջոցով ուզում ենք ոչ թե կոնկրետ անհատների ուշադրություն հրավիրել, այլ հասարակության ավելի լայն շատերին հնարավորություն ընձեռել շնորհավորել սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Սահմանը պահում են ոչ միայն սահմանապահ զինվորները, այլ սահմանամերձ գոտում ապրող մարդկիկ: Կարևորը բուն նյութական աջակցությունը չէ, այլ մեր հոգատարությունը, ջերմ վերաբերմունքն այդ մարդկանց փոխանցելը, իրենց էլ հասկացնել, որ այնպես չէ Երևանում կամ Արարատյան դաշտում ապրող մարդիկ անտարբեր են, բախտները բերել է, որ այնտեղ են ծնվել, իրենց չի հետաքրքրում սահմանամերձ շրջաններում բնակվողների կյանքը»,- ասաց Տեր Մարկոսը:
Ծրագրի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոն՝ 055-170819, 010-517158: