Հայերը Իրանում հազարավոր տարիներ պահպանում են իրենց ինքնությունը

Քրիստոնյա հայերը ապրում են Իրանում հազարավոր տարիներ եւ նրանք այնտեղ հաստատվել են դեռ Քրիստոսից առաջ։ Ըստ պատմական ապացույցների ու մասունքների՝ հայերի գոյությունը Իրանում թվագրվում է դեռ մ.թ.ա. 5- 6- րդ դարերից։ Այդ ժամանակից ի վեր Իրանում, ինչպես նաեւ այլ երկրներում, հայերը պահպանել են իրենց սեփական ավանդույթները և լեզուն, armradio.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Քուվեյթի նորությունների գործակալությունը։
Գործակալության հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Սարգսյանը (նա 1998-99 թթ եղել է Քուվեյի թեմի առաջնորդը, խմբ.) նշել է, որ դեռևս հին ժամանակներից հայերը շատ ակտիվ գործունեություն են իրականացրել Իրանում՝ մշակույթի, մարդասիրական, գրական, ռազմական ոլորտներում:
Սեպուհ եպիսկոպոսը նաև նշել է, որ մեծ թվով հայեր ապրում են Թեհրանում: Նա հաստատել է, որ Իրանում, ի տարբերություն այլ երկրների, հայերն ունեն համայնքային գործունեության ազատություն. անցկացնում են ծեսերն առանց որեւէ սահմանափակման։ Սրբազանը հավելել է, որ իշխանությունները խրախուսում են հայերին՝ պահպանելու իրենց կրոնական ինքնությունը։