Պարագվայի նախագահն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10­-ին Բուենոս Այրեսում առանձնազրույց է ունեցել Պարագվայի Հանրապետության նախագահ Օրասիո Մանուել Կարտես Խարայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմից, առանձնազրույցը տեղի է ունեցել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունից առաջ: ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Պարագվայի Սենատը վերջերս միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դրանց դատապարտումն է: Պարագվայն այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր, որը դատապարտում է ցեղասպանությունները»,­նշել է Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի խոսքով` միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունն իրավունք չունի անմասն մնալ անցյալի ոճիրների դատապարտման հարցում: Պարագվայի նախագահն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ցեղասպանության 100-­րդ տարելիցի կապակցությամբ։

Scroll Up