Էրդողանը հայտարարել է զորքերն Իրաքի տարածքում պահելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը չի պատրաստվում զորքերը դուրս բերել հյուսիսային Իրաքից: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Էրդողանն ընդգծել է, որ իրենք մշտապես զորքեր ուղարկել են Իրաք, և սա նմանօրինակ առաջին դեպքը չէ: Նա նշել է, որ զորքերը հյուսիսային Իրաքում վարժեցնում են տեղի քրդական զորամիավորումներին՝ փեշմերգաներին, որոնք մարտնչում են ահաբեկչական ԻՊի դեմ: «Կապված փեշմերգաների թվաքանակից, որոնց վարժեցնում ենք, մեր զորքերի թվաքանակը կարող է ավելանալ կամ պակասել: Այս պահին խոսք անգամ չի կարող գնալ զորքերը հետ քաշելու վերաբերյալ», ասել է Թուրքիայի ղեկավարը:
Թուրքիան դեկտեմբերի 5-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊի դեմ պայքարի համար:
Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար ալԱբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը:
Դեկտեմբերի 8-ին այդ հայտարարությունը կրկնել է արդեն Իրաքի արտգործնախարար Իբրահիմ էլՋաֆարին՝ նախազգուշացնելով, որ վերջնաժամկետը մոտենում է ավարտին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլԷբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէ հավելյալ զորքեր ուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ:
Այդուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում զորքերը դուրս բերել հյուսիսային Իրաքից: