2016-ի ապրիլին կանցկացվի Ցեղասպանությանը նվիրված «Գլոբալ երկրորդ ֆորումը»

Ինտենսիվ աշխատանք է տարվում 2016 թվականի ապրիլի 23-ին Երևանում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Գլոբալ երկրորդ ֆորում»ի անցկացման ուղղությամբ: Ֆորումի հիմնական թեման լինելու է Ցեղասպանության հանցագործությունը և փախստականների ճգնաժամը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ ընտրված թեման արդիական է և միջազգային մեծ հետաքրքրություն ներկայացնող:
Նա նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում ինչպես և նախատեսվել էր կարևոր ուղղություններից մեկը Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ միջազգային պայքարն է և Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ 90 երկրի համահեղինակությամբ ՄԱԿ-ում ընդունվել է երկու կարևոր բանաձև:
«Երեկ պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿի կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, նշվում էր բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը: Միջոցառման հյուրընկալողներն էին ՄԱԿի գլխավոր վեհաժողովի նախագահը, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Մնացականյանը: Հեղինակավոր «Պոլիտիկո» ամսագրում հրապարկվել է մեծ հոդված և տեղ գտել գովազդային էջ, որտեղ առհասարակ խոսվում է ցեղասպանությունների մասին: Ծրագրի համահովանավորողներից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտն է»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:
Միաժամանակ, նա բարձր գնահատեց «100 Կյանք» ծրագիրը:
2015թ. դեկտեմբերի 9-ն առաջին անգամ նշվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: