Ռուսաստանում վարձույթի է դուրս եկել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը

Աննա Մելիքյանի՝ «Կինոտավրոս» կինոփառատոնի Գրան պրի մցրանակակիր «Սիրո մասին» ֆիլմը դեկտեմբերի 10-ին վարձույթի է դուրս գալիս Ռուսաստանում, հայտնել են ֆիլմի մամուլի ծառայությունից։
«Այս ֆիլմը ինձ համար բացարձակ տիպիկ չէ։ Ամենից առաջ պետք է ասեմ, որ այս անգամ ոչ ոք չի մեռնելու. ոչ մի երիտասարդ, գեղեցիկ աղջիկ եւ, ցավոք, ոչ մի տղամարդ չի զոհվի ֆիլմի վերջում Բավական է մահանալ, հիմա մենք ապրելու ենք, սիրելու ենք կյանքը եւ երջանիկ ենք լինելու։ Ֆիլմը ամեն առումով տիպիկ չէ, անգամ այն առումով, թե որքան արագ է ծնվել դրա գաղափարը եւ կյանքի կոչվել»,- մեջբերում է մամուլի ծառայությունը Մելիքյանի խոսքը։ Նախապատրաստությունն եւ նկարահանումները տեւել են 1 ամիս, իսկ ֆիլմը նկարահանվել է 25 օրում։
Գլխավոր դերերը կատարել են Ռենատա Լիտվինովան, Վլադիմիր Մաշկովը, Միխայիլ Եֆրեմովը, Մարիա Շալաեւան, Եվգենի Ցիգանովը, Յուրի Կոլոկոլնիկովը, Յուլյա Սնիգիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ֆիլմի հերոսները փորձում են պատասխանել այն հարցին, թե ինչ է սերը։ Նկարը պատմում է ամենատարբեր կերպարների կյանքի պատմություններ. երիտասարդ զույգ, որը նախընտրում է ապրել ճապոնական անիմե հերոսների կյանքում, ղեկավարին անպատկառ առաջարկ ստացած երիտասարդ քարտուղարուհի, Մոսկվա տեղափոխված ճապոնուհի, գեղանկարիչ, նախկին կին եւ այլն։