Մինսկում ոգեկոչել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/ERkrasharji-hishatakin.jpg)
Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, կայացավ երկրաշարժի 27-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն` Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի համար 1988թ.-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, նշեց վերածնվելու ու ապաքինվելու նրա անկոտրում կամքը, ներկայացրեց անկախ Հայաստանի անցած ուղին և ներկա իրավիճակը:
Այնուհետև, արարողության մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Եկեղեցու սպասավորների կողմից անցկացվեց երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն: