Հայկական զինված ուժերը զսպում են հակառակորդի ագրեսիան. վստահեցնում է պաշտպանության նախարարը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/33286.jpg)
Սահմանին լարվածության աստիճանը հասել է գագաթնակետին, սակայն հայկական զինված ուժերը պատշաճ կերպով վերահսկում են իրավիճակը:
Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Կրակում են ոչ միայն հրաձգային զենքերից, այլև՝ ականանետերից: Բավական մեծ քանակությամբ կրակոցներ են եղել: Արցախի հարավ-արելյան հատվածում կրակել են նաև տանկից, կրակոցները դիպուկ չեն եղել: Սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացման մարտավարություն է: Կարող է պատճառ լինել տարբեր քաղաքական իրադարձությունների՝ նախագահների հանդիպում, մեր տարածաշրջանի շուրջ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որը շատ դեպքերում հասնում է մեր սահմաններին: Անձնուրաց գործողությունների շնորհիվ իրավիճակը վերահսկվում է: Ես, Արցախի պաշտպանության նախարարը, շտաբի պետը լծված ենք առաջին գծի իրավիճակի վերահսկման, համապատասխան քայլերի իրականացման գործին: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը վստահ լինի, որ զսպման մեխանիզմներ ձևավորել ենք»,- նշեց նախարարը:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի դիմում միջազգային կառույցներին՝ ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի անվտանգությանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում, չեն հասկանում, որ բանակցային գործընթացը հաջողությունների մեջ վստահության մթնոլորտի ձևավորման ուղությամբ համապատասխան մեխանիզմներ պետք է մշակենք: Երկխոսության համար հրադադար է պետք, փոխադարձ պայմանավորվածություններ են պետք: Միջազգային հետաքննությունն է, որը կարող է պարզել՝ որ կողմն է մեղավոր: Եկել է ժամանակը, որ միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմների ձևավորման համար լուրջ աշխատանք տարվի, որպեսզի թիրախային գնահատականներ տրվեն: Զրուցել եմ Կասպրչիկի հետ, ասել այդ մասին: Բայց նրանք նույնիսկ մարդկային պարզ հարաբերությունները չեն հասկանում: Նայեք, օլիմպիական խաղերի ժամանակ, Միլի Մեջլիսի ընտրությունների ժամանակ մենք զսպվածություն դրսևորել ենք, ոչ մի խախտում չի եղել, բայց մեր հանրաքվեն չորս-հինգ օր է լարվածության աստիճանի բարձրացման պատճառ է դարձել: Դա է պատճառը, որ շատ հրամանատարներ չեն կարողացել դիրքերից իջնել, սահմանադրական պարտքը կատարել, որովհետև սահմանը լարված է եղել»: