Ստեփանակերտում տեղադրվում է գլխավոր տոնածառը

Ստեփանակերտում ակտիվորեն ընթանում են քաղաքի փողոցների ամանորյա ձևավորման ու զարդարման աշխատանքները: Մի շարք փողոցներում տեղադրվել են տոնական վահանակներ, ինչպես նաև լուսային էֆեկտներ, իսկ քաղաքի կենտրոնական` Վերածննդի հրապարակում, դեկտեմբերի 8­-ին մեկնարկել են նաև հանրապետության գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանը նշեց, որ մայրաքաղաքի լուսային ձևավորման աշխատանքներին ու լուսային էֆեկտների տրամադրման հարցում այս տարի նույնպես աջակցել է Երևանի քաղաքապետարանը։

Կ. Հարությունյանի խոսքով, հանրապետության գլխավոր տոնածառի բացման արարողությունը նախատեսվում է դեկտեմբերի 22-ին, իսկ տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 31-ին:

«Դեկտեմբերի 31-ին՝ առավոտից, զարդարված մեքենայով Ստեփանակերտի փողոցներով ու թաղամասերով շրջայց կկատարեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կշնորհավորեն փոքրիկներին՝ տրամադրելով նվերներ: Նախատեսվում է նաև 400 դպրոցահասակ ստեփանակերտցի երեխաների մասնակցությամբ կազմակերպել ամանորյա ֆլեշ-մոբ, որը նորույթ է լինելու»,- ասել է Կ. Հարությունյանը՝ հավելելով, որ երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու ամանորյա տոնական համերգ, որը եզրափակվելու է հրավառությամբ:

Scroll Up