«Նանոհայ» թիմը արժանացել է «Մաքուր» տեխնոլոգիաների «Օսկար» մրցանակի

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ՆանոՀայ» թիմը, ի դեմս ղեկավար, «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Գագիկ Շմավոնյանի և թիմի համակարգող, Oտար լեզուների ամբիոնի դասախոս Գայանե Շմավոնյանի, մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության մաքուր տեխնոլոգիաների UNIDO Global CleanTech նորարարության (բիզնես գաղափարների) մրցույթին։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ՀԱՊՀ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից:
2015 թ. հոկտեմբերի 13-ին թիմը դարձել է ազգային հաղթող և ստացել ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովիտ մեկնելու ու CleanTech Open միջազգային ֆորումին մասնակցելու ուղեգիր:
Նոյեմբերի 16-20-ը արտերկրի (ԱՄՆ, Հնդկաստան, Մալայզիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն և այլն) ազգային հաղթող թիմերի հետ «ՆանոՀայ» թիմը մասնակցեց Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացած CleanTech Open միջազգային ֆորումին ու ցուցահանդեսին և ներկայացրեց վերջերս մշակված ներկայումս մեխանիկական ամենաամուր և միևնույն ժամանակ՝ ճկուն, ամենամեծ էլեկտրա և ջերմահաղորդականությամբ նյութի՝ գրաֆինի ստացման ոչ ավանդական նանոտեխնոլոգիան, ինչպես նաև այդ նանոտեխնոլոգիայով պատրաստված նանոսարքը:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոյի նշանավոր «Հերբսթ» թատրոնի «Կանաչ» դահլիճում, որտեղ Գայանե և Գագիկ Շմավոնյանները հանդիսավորությամբ պարգևատրվեցին CleanTech «Օսկար» մրցանակով: Նույն թատրոնում կայացավ նաև ցուցահանդես, որտեղ մասնակից ազգային հաղթող թիմերի հետ նրանք ներկայացրեցին իրենց նորարարական նանոտեխնոլոգիան։ Այն արժանացավ բարձր գնահատականի ինչպես հանձնաժողովի, այնպես էլ ներդրողների և տվյալ տեխնոլոգիայով հետաքրքրվողների կողմից:
Մրցանակաբաշխությունը լայնորեն լուսաբանվեց ամերիկյան ու միջազգային հեռուստաընկերությունների և լրատվամիջոցների կողմից: Մրցանակաբաշխությունից հետո թիմը հանդիպեց տարբեր երկրներից ժամանած երկու տասնյակից ավելի հայտնի միջազգային ներդրողների և ձեռներեցների հետ: Վերջիններս մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին «ՆանոՀայ» թիմի մշակած նանոտեխնոլոգիայի նկատմամբ։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ՆանոՀայ» թիմի նման ձեռքբերումը, իհարկե տարիների քրտնաջան ու համառ աշխատանքի արդյունք է, որի շնորհիվ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, օվկիանոսից անդին հպարտությամբ հնչեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի անունը: