Դավութօղլուն կոչ է հղել Հայաստանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/ahmet_davutoglu.jpg)
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում անդրադարձել է Կովկասում խաղաղություն հաստատելու Թուրքիայի ջանքերին ու կոչ հղել Հայաստանին, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է aa.com.tr-ը։
Նա նշել է, թե իրենք մշտապես եղել են և լինելու են «եղբայրական Ադրբեջանի» կողքին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կրկնել է իր ավանդական թեզերը՝ պահանջելով դուրս գալ ազատագրված տարածքներից։
«Հայաստանին կոչ եմ անում՝ դո՛ւրս եկեք ձեզ չպատկանող հողերից ու խաղաղության գործընթաց սկսելու դեպքում կկարողանաք մասնակցել Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև ձևավորված խաղաղ և հեռանկարային միությանը»,-ասել է նա:
Դավութօղլուն նաև հայտարարել է, թե «Ադրբեջանի հողերը սուրբ են» և անպայման «ազատագրվելու են»:
Ավելին՝ նա հայտարարել է, թե «մարդասեր» Թուրքիան միշտ այնտեղ է, որտեղ մարդկային ողբերգություն կա՝ Հաիթիում երկրաշարժ, Ճապոնիայում կամ Ֆիլիպիններում ցունամի:
«Որտեղ մի զոհ կա, ճնշված կա, Թուրքիան անպայման այնտեղ է: Մենք այս դիվանագիտությանը մարդկային դիվանագիտություն, խղճի դիվանագիտություն ենք կոչում»,- ասել է թուրք պաշտոնյան։