Դիվերսիոն փորձ Արցախի ուղղությամբ. հայ զինվոր է զոհվել

Ղարաբաղա­ ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ դեկտեմբերի 4­-ին` ժամը 04:30-­ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:  Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3­-ին և լույս 4-­ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (197 արկ), 82 (43 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ­17 (14 արկ), ՌԳՊ­7 (1 արկ) նռնականետերից ու TR­ 107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից (4 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվում են պատժիչ գործողություններ` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Scroll Up