Բարեգործական ծրագիր՝սահմանամերձի աշակերտների և ուսուցիչների համար

Դեկտեմբեր ամսին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Տավուշի Հայոց թեմը նախաձեռնել է հովվական այցելություններ կատարել Տավուշի թեմի սահմանապահ գյուղերի դպրոցներ՝ շնորհավորելու աշակերտներին  և ուսուցչակազմին:

Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է  Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրառում է կատարել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Գրության մեջ մասնավորապես ասվում է.«Ուրախ եմ հայտնելու, որ մեր այս նախաձեռնությանը միանալու ցանկություն են հայտնել Մայր Աթոռի սոցիալական գրասենյակը, ԵՀԽ «Կլոր Սեղան» հիմնադրամը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Կարաս» ազգային սնունդի ցանցը, World Vision-ի Տավուշի տարածքային զարգացման գրասենյակը և անհատ անձինք թե՛ Հայաստանից և թե՛արտերկրից: Քանի որ այսքան ջերմ աջակցություն է ցուցաբերվում, որոշեցինք գյուղերի թիվն ընդլայնել՝ ներառելով ընդհանուր թվով շուրջ 6000 ուսուցիչ և աշակերտ:

Հայտնում եմ նաև, որ դեկտեմբեր 26-ի երեկոյան Իջևանի կենտրոնական հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ՝ հայտնի երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի նախաձեռնությամբ և սիրված արվեստագետների մասնակցությամբ: Այս ծրագրին ակտիվորեն մասնակցում են մեր թեմի նորաստեղծ երիտասարդական միությունը և Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու նորակազմ տիկնանց միությունը:
Ցանկանում եմ շեշտել, որ մեր նպատակը օժանդակություն կամ օգնություն բաժանելը չէ, այլ այն տեղի է ունենում մեր հովվական այցելությունների շրջանակներում՝ սա մեր պարտքն է, ինչպես նաև սահմանապահ  մեր ժողովրդին շնորհակալության և շնորհավորանքի խոսքեր հայտնելու զգացումն է»:

Ստորև ներկայացնում ենք  այցելությունների ժամանակացույցը:

1. ԻՋԵՎԱՆԻ ՇՐՋԱՆ՝ԴԵԿՏԵՄԲԵՐ 22-23

2. ԲԵՐԴԻ ՇՐՋԱՆ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐ 25-26

3.ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ ԵՎ ԲԵՐԴԻ ՇՐՋԱՆ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐ 28-29

 

Scroll Up