Նոր մարտահրավերեներին կարելի Է դիմակայել միայն միասնաբար

Այս տարվա նոյեմբերի ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Վրաստանի պետական սահմանը խախտել են փորձել բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք հիմնականում Սոմալիի եւ Թուրքիայի քաղաքացիներ են եղել: Սահմանը խախտելու փորձերը հիմնականում գրանցվել են Ախալցխայի շրջանի Վալեի սահմանակետում եւ նորաբաց Կարծախի սահմանակետում: Կարծախի սահմանակետը բացելուց հետո Ախալքալաքի բերդում հանկարծ հայտնվեցին պանթուրքիստական գրություններ, որտեղ թուրքերենով գրված էր «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»: Նաեւ նոյեմբերի կեսերին գրանցվել են դեպքեր, երբ Թուրքիայի քաղաքացու կողմից փորձ է արվել անօրինական զենք ներկրել Աջարիայի Ինքնավար Հանրապետություն, իսկ Ադրբեջանից Վրաստան անցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամը:

Այս ամենի հետ մեկտեղ, երբ գրեթե ամեն օր Ջավախքում գործող Վրաց-Թուրքական սահմանակետերում նման դեպքեր են գրանցվում, հանկարծ ինտերնետում բազմաթիվ սպառնալիքներ են գրանցվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անունից Վրաստանի հասցեին, որտեղ ինչ-որ կայքեր սպառնացել են ստեղծել «Գուրջիստանի վիլայեթ»:

Դեպքերի նման զարգացման պատճառով Վրաստանի կողմից որոշում է ընդունվել խստացնել սահմանակետերի աշխատանքը:

Նաեւ մասամբ խստացվել են դպրոցների եւ այլ հասարակական հաստատությունների շուրջ անվտանգության կանոնները Սամցխե-Ջավախքում: Տարբեր ոչ հայկական ուժերի կողմից, այդ թվում նաեւ իշխանության կողմից աշխատանք է տարվում մարդկանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի շուրջ ներկայացնել որպես վախ եւ դրա պատրվակով սահմանել քաղաքացիների աննախադեպ վերահսկողություն Սամցխե-Ջավախքի հայկական շրջաններում:

Այս ամենից ելնելով կարելի է եզրակացնել, որ եկել է ժամանակը, երբ պանթուրքիստական ուժերը տարբեր ահաբեկչական կազմակերպությունների միջոցով փորձելու են Սամցխե-Ջավախքը սկզբնական փուլում օգտագործել որպես Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցք, ինչը եւ երեւում է սահմանի մասսայական խախտելու փորձերից: Դեպքերի ավելի արագ զարգացման պարագայում մեծ է հավանականությունը, որ հատուկ հրահանգով Թուրքիայից հենց տվյալ ահաբեկչական կազմակերպությունները փորձեն ապակայունացնել իրավիճակը նրանց համար ռազմավարական համարվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընկած տարածքների շուրջ, ինչպես նաեւ սադրանքներ իրականացնեն առանց այդ էլ լարված Սամցխե-Ջավախքի մի այլ հատվածում՝ Ադիգենի շրջանում, որտեղ մահմեդականները դժգոհ են իրենց հանդեպ իշխանությունների վարած քաղաքականությունից:

Միջազգային եւ հատկապես Ռուսական մամուլից երեւում է, որ թուրք-մեսխեթցիները եւս ակտիվացել են այս իրադարձությունների համատեքստում եւ ավելի ակտիվ են պահանջում հետ վերադառնալ Սամցխե-Ջավախք, ինչը ամենայն հավանականությամբ եւս պայմանավորված է մեր շրջանում Թուրքիայի ակտիվացմամբ:

Այս ամենի նպատակը մեկն է, իրագործել իրենց պանթուրքիստական ծրագրերը տարբեր ուժերի միջոցով եւ կտրել Հայաստանը Վրաստանից ու հետեւաբար ամբողջ քրիստոնյա աշխարհից: Տվյալ ծրագրերի իրականացման միակ իրական արգելքը իրենց ճանապարհին դա Ջավախքի հայ ազգաբնակչությունն է, որը ոսկորի նման մշտապես կանգնել է նրանց կոկորդին:

Վրաստանը բնականաբար եւս չի ցանկանա, որ ահաբեկչական խմբավորումները ներթափանցեն երկիր եւ ապակայունացնեն իրավիճակը Ջավախքում եւ ողջ երկրում ու այդ իսկ պատճառով պետք է հուսալ, որ ներկայիս Վրաստանը ելնելով պետության ազգային շահերից ու դասեր քաղելով թուրքի դեմ 1918թ. ջավախքցիների մղած ինքնապաշտպանական մարտերից, ի վերջո կդադարի տատանվել եւ կկատարի ճիշտ ընտրություն բարեկամ ընտրելու գործում հանուն Վրաստանի պետականության ու հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր ու իրական բարեկամության:

Էդուարդ Այվազյան
Ախալցխա

Scroll Up