Միացյալ հայկական հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը
Ինչպես հայտնում է Asbarez.com-ը, որոշումը պայմանավորված է հիմնադրամի գլխավոր հովանավոր, ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանի մահվան հանգամանքով:
Հայաստանին եւ Արցախին 26 տարի շարունակ մարդասիրական օգնություն ցուցաբերելուց հետո հիմնադրամը որոշում է կայացրել կենտրոնացնել ուշադրությունն ու միջոցները Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող այլ նախագծերի ուղղությամբ:
«Հիմնադրամի անդամ կազմակերպությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնում Քըրք Քըրքորյանին իր առատաձեռն օգնության համար, որը նա տրամադրել է «Լինսի» հիմնադրամի միջոցով, եւ բոլոր մյուս նվիրատուներին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
26 տարվա ընթացքում Միացյալ հայկական հիմնադրամը ընդհանուր առմամբ $ 720 մլն-ի մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին:
Հիմնադրամը ստեղծվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության, «Լինսի» հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության, Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի առաջնորդարանի ջանքերով: