Էմանուել Ճգնավորյանը` Սիբելիուսի անվան մրցույթի եզրափակիչում
Երիտասարդ հայ ջութակահար Էմանուել Ճգնավորյանը`անվանի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին, անցել է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 2015թ. մրցույթի եզրափակիչ փուլ:
Ինչպես հաղորդում է Violinchannel.com կայքը, եզրափակիչի մասնակիցների անունները Հելսինկիում հայտարարվել են նոյեմբերի 29-ին, գրում է civilnet.am-ը:
Ավստրիան ներկայացնող 20-ամյա Էմանուել Ճգնավորյանի հետ եզրափակիչում մրցելու են ևս հինգ մասնակիցներ Ճապոնիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից:
Եզրափակիչ փուլն անցկացվելու է դեկտեմբերի 1-3-ը: Յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացնի երկու կոնցերտ նվագախմբի նվագակցությամբ, որոնցից մեկը` Սիբելիուսի ջութակի կոնցերտը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնող երաժիշտը կստանա 25 հազ. եվրո պարգևավճար և միջազգային մի շարք կարևոր համերգների մասնակցության հնարավորություն:
Էմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995թ. Վիեննայում: Ջութակ նվագում է 5 տարեկանից: Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը: Ճգնավորյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, այդ թվում` Յոհաննես Բրամս միջազգային մրցույթի մրցանակակիր: 2012թ. նա «Դասական Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը, 2014թ. սեպտեմբերին զբաղեցրել է 3-րդ տեղը Fritz Kreisler մրցանակաբաշխությանը, նույն տարվա նոյեմբերին արժանացել է Casinos Austria Rising Star մրցանակին:
Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթը մինչև 30 տարեկան ջութակահարների համար անցկացվում է հինգ տարին մեկ` սկսած 1965-ից` ի հիշատակ ֆինլանդացի հայտնի կոմպոզիտորի: 2000թ. հեղինակավոր այս մրցույթի առաջին մրցանակին արժանացել է հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Այդ ժամանակ լինելով 15 տարեկան` Խաչատրյանը դարձավ այս մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ մասնակիցը: