Լրագրողների աչքի առջեւ սպանված քուրդ փաստաբանի թաղմանը մասնակցել է 100 հազար քաղաքացի

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում զինված բախման ընթացքում լրագրողների աչքի առաջ սպանված Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի թաղման արարողությունը տեղի է ունեցել մոտ 100 հազար քաղաքացիների մասնակցությամբ, գրում է news.am-ը:

Ինչպես տեղեկացնում է Դիարբեքիրի քաղաքապետարանի կայքը, Թահիր Էլչիին հրաժեշտ տալու համար Դիարբեքիրում են եղել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդները, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, բազմաթիվ քուրդ քաղաքապետեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մեծ թվով քաղաքացիներ։

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Դիարբեքիրի Սուրի շրջանում Թահիր Էլչին դրսում մամուլոի ասուլիս է տվել, որի ավարտին հավաքվածները ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանները հետապնդում երկու զինված երիտասարդի։ Մամուլի ասուլիսի անվտանգությունը ապահովող քաղաքացիական հագուստով ոստիկանները եւս սկսում են կրակել փախչող երիտասարդների վրա, սակայն դեռեւս անհայտ պատչառով սպանվում է հենց Թահիր Էլչին, իսկ կրակի տարափի տակ հայտնված երիտասարդները կարողանում են հեռանալ։

Թահիր Էլչին մեծ հարգանք էր վայելում քրդերի մոտ եւ խաղաղության ակտիվ քարոզողներից էր։ Վերջին շրջանում նրա դեմ թուրքական մամուլը թիրախավորված պայքար էր տանում՝ նրան դավաճան անվանելով, քանի որ վերջինս հայտարարել էր, թե PKK-ն ահաբեկչական կառույց չի համարում։

Scroll Up