Փարիզյան ահաբեկչությունից զոհված Լոլա Ուզունյանի ծնողներն առաջին անգամ հայտարարություն արեցին

Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհված Լոլա Ուզունյանի հայրը` Էրիկ Ուզունյանը Huffington Post պարբերականում հրապարակել է հոդված` կատարվածի պատասխանատուն անվանելով Ֆրանսիայի կառավարությանը: «Ֆրանսիան երկար տարիներ Մերձավոր Արևելքում աղետալի քաղաքականություն է վարել:
Նիկոլա Սարկոզին, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք արգելում են ցանկացած ցամաքային գործողություն այլ երկրում, ֆրանսիական զորքեր է ուղարկել Լիբիա` նպաստելով Քադաֆիի իշխանության անկմանը», «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Ուզունյանը` ընդգծելով, որ Քադաֆին անգամ Ֆրանսիայի թշնամին էլ չէր:
Լոլայի հայրը փաստել է, որ ավելի ուշ Ֆրանսիայի ղեկավարությունն ընդգրկվել է Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի դեմ կազմված կոալիցիայի կազմում` այն դեպքում, երբ Սիրիան ևս Ֆրանսիայի թշնամին չէ: «Նման քաաքականությունը ողբերգական դարձավ մեր երկրի համար: Ֆրանսիայի վերջին նախագահները գործել են անօրինակ թեթևությամբ և անհեռատեսորեն», նշել է Էրիկ Ուզունյանը` հավելելով, որ մի քանի տասնամյակների ընթացքում երկրի ղեկավարության քաղաքականության հետևանքով Ֆրանսիայում ձևավորվել է մի տարածք, որը փիլիսոփա Ժան Պոլ Դոլն անվանել է «ոչնչի տարածք»: «Ֆրանսիան ի վիճակի չէ ապագա ապահովել իր երիտասարդության համար: Եվրոպան չի կարողանում հաղթահարել այն փակուղին, որ կա լիբերալիզմում: Այն պաշտոնյաները, ում մենք ընտրել ենք, չեն կարող մեզ առաջարկել նոր քաղաքականություն: Ես սարսափում եմ իմ դատակվող երկրից և դստերս մահվան առնչությամբ», եզրափակել է Էրիկ Ուզունյանը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 130-ի, տուժել, տարբեր տվյալներով, 260-350 մարդ: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, որը կտևի ևս երեք ամիս: Հայտարարվել է խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Զոհերի թվում հայազգի Լոլա Ուզունյանն է, ում ծնողները, փաստորեն առաջին անգամ հրապարակային հայտարարեցին դրա մասին: