Վարդուհի Վարդերեսյանի կյանքը անմնացորդ նվիրում էր արվեստին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/varduhi-varderesyan2-620x300.jpg)
Նրա կյանքը անմնացորդ նվիրում էր արվեստին: Վարդուհի Վարդերեսյանն ընդգծված անհատականություն էր թե բեմում, թե կյանքում: Նա երջանիկ էր, որովհետև ապրեց երկար ու բեղմնավոր մի կյանք, խաղաց բոլոր այն դերերը, որոնց մասին երազել էր: Վարդուհի Վարդերեսյան այսօր փակեց արվեստի մի հզոր դարաշրջանի վարագույր ու հեռացավ որպես հայ բեմի անկրկնելի վարպետ: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի հրաժեշտի արարողությունն էր: Դերասանուհու դին ամփոփվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
«Ես երջանիկ եմ, որ վերադարձա Հայաստան: Եթե մնայի Ռումինիայում, ինչ իմանամ, կվերադառնայի երբևէ և ինչ կլիներ ինձ հետ»,-armradio.am-ի փոխանցմամբ՝ իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր Վարդուհի Վարդերեսյանը: Նրա ընտանիքը Հայաստան էր տեղափոխվել 1946 թվականին, երբ Վարդուհին դեռ 18 տարեկան էր: Ծանր տարիներ էին, դերասանուհի դառնալու մասին չէր էլ մտածում: Ցերեկներն աշխատում էր, երեկոյան՝ գիշերօթիկ դպրոցում արևելահայերեն սովորում: Բայց կյանքն աստիճանաբար հունի մեջ էր ընկնում: 1947 թվականին Վարդուհի Վարդերեսյանն արդեն սովորում էր Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիայում ու խաղում նույն թատրոնում: 1958 թվականից տեղափոխվում է Երևան Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ էլ կերտում է իր բազմաթիվ դերերը: «Անսահման հնարավորություններով օժտված դերասանուհի, որը կարող էր խաղալ և Ջոնի՝ մաքրամաքուր երեխա, և Նաստասյա Ֆիլիպովնա՝ բացառիկ հմայքի տեր կին»,-ասում է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Վարդուհի Վարդերեսյանի սկզբունքայնությանն ու խստապահանջությանը քաջածանոթ է մայր թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը: Առաջին հանդիպումը կայացել էր «Փոստալ» հեռուստաներկայացման ժամանակ: «Դա անմոռանալի հանդիպում էր»,-ասում է:
«Վարդուհի Վարդերեսյանը սկզբունքային էր ինչպես կյանքում, այնպես էլ բեմում, նրա հետ հեշտ չէր աշխատելը, չափազանց խստապահանջ էր, բայց հաճելի էր»,-ասում է ռեժիսոր և դերասան Արմեն Էլբակյանը:
«Ես երջանիկ բեմադրիչ եմ, որոնվհետև Վարդուհի Վարդերեսյանի ստեղծագործական կյանքի վերջին 15 տարիներն առնչվեցին նաև ինձ հետ և նա խաղաց այն դերերը, որոնց մասին երազում էր»,-ասում է ռեժիսոր Վահե Շահվերդյանը: