Բաթումում ներկայացվել է ֆուտզալի «Աղբյուր» հայկական թիմը
Բաթումում նոյեմբերի 24-ին կայացել է Բաթումի ֆուտզալի հայկական «Աղբյուր» թիմի, վերջինիս դրոշի, զինանշանի ինչպես նաև օրհներգի համատեղ շնորհանդեսը, որը կազմակերպվել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Աջարիայի հայերի միություն» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ու ջանքերով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը, շնորհանդեսի սկզբում տղամարդկանց «Բաթում» երգչախումբը կատարել է թիմի՝ «Զարթի´ր լաո» հանրահայտ հայրենասիրական երգի հիման վրա կազմված օրհներգը, որը մեծ ջերմությամբ է ընդունվել ներկաների կողմից:
Իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին ու թիմին, խոսել է այն մասին, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներից (դիցուք՝ աջարահայերից) կազմված թիմի մասնակցությունը հյուրընկալող երկրի ազգային առաջնությանը, ինչը հնարավոր եղավ իրագործել այս տարի, մեծ իրադարձություն է ոչ միայն բաթումահայ համայնքի, այլև ողջ Վրաստանի համար, մասնավորապես, սեփական ժողովրդավարական, տոլերանտ կեցվածքը մեկ անգամ ևս հաստատելու առումով: Դիվանագետը նշել է, որ աշխարհում հաշված երկրներ կան, որոնց ազգային առաջնություններին մասնակցել են հայերից կազմված թիմեր:
Ելույթ ունեցողները՝ բաթումահայ համայնքի հայկական կազմակերպություննների ղեկավարներն ու աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, ինչպես նաև Աջարիայի կառավարության ու Բաթումի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ողջունելով թիմի ստեղծումը, նորանոր հաղթանակներ են մաղթել նրան:
«Աղբյուր» թիմը, բացի Գլխավոր հյուպատոսությունից ու աջարահայ համայնքից, հովանավորվում է նաև Աջարիայի կառավարության և Բաթումի քաղաքապետարանի կողմից:
«Աղբյուր» ֆուտզալի թիմը ստեղծվել է 2014-ի ապրիլին` դրանից առաջ պարբերաբար անցկացվող բաթումահայ խաղացողներից կազմված թիմերի մրցաշարերի հիմքի վրա: Այս ժամանակաշրջանում «Աղբյուր»-ը և նրա առանձին խաղացողները մասնակցել են տարբեր մրցաշարերի Բաթումում, Վանաձորում, Իտալիայում: Տպավորիչ էր թիմի ելույթը (որպես Բաթում քաղաքի թիմ) այս տարվա Համահայկական 6-րդ խաղերում: 2015թ. հոկտեմբերի 25-ից թիմը, Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ, մասնակցում է Վրաստանի ֆուտզալի 2-րդ (Բիզնես) լիգայի առաջնությանը: