ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորում է «Գանձասար»-ի նորացված կայքի ստեղծումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Gandzasar.jpg)
Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթի սիրելի՛ խմբագրակազմ,
Սիրելի՛ Զարմիկ Պողիկյան,
Ուրախությամբ տեղեկացանք «Գանձասար»-ի՝ նորացված կայքի հաջող գործարկման մասին: Սիրիական պատերազմի հետևանքով սիրիահայ համայնքի վտանգված գոյատևման պայմաններում այսօրինակ նախաձեռնությունը պարզապես վեր է ամեն գովեստից:
Սիրիահայ համայնքից սրտատրոփ լուրերի սպասող Հայրենիքին և աշխարհասփյուռ հայ համայնքներին առավել, քան երբևէ այսօ՛ր է անհրաժեշտ ակտիվ գործող ու թարմացվող էլեկտրոնային պարբերական, որի միջոցով հնարավորություն կունենանք միշտ ժամանակին համակարգված և հավաստի տեղեկություններ ստանալ հակամարտության ընթացքի և մեր համայնքին վերաբերող առաջնահերթ խնդիրների մասին:
Վստահ ենք՝ «Գանձասար»-ի նորացված կայքն այսուհետ կլինի այդ հավաստի տեղեկատվությունն առավել հետևողական փոխանցող էլեկտրոնային պարբերականը, ինչի համար բոլորս մեր հիացմունքն ու երախտագիտությունն ենք հայտնում ողջ խմբագրակազմին և նրա գործունյա հայրենանվեր ղեկավար Զարմիկ Պողիկյանին:
Ցանկանում ենք, որ «kantsasar.com» կայքում այսուհետ միայն բարի լուրեր կարդանք մեր երբեմնի ծաղկած սիրիահայ համայնքի մասին: Հավատում ենք, որ պատերազմը շուտով կդադարի և մեր հայրենակիցները կվերադառնան բնականոն կյանքին, որ այսուհետ «Գանձասար»-ը կազդարարի հայկական դպրոցների ու վարժարանների բացման մասին, իսկ շրջանավարտների թվի ու տարեկան հունձքի մասին կընթերցենք հպարտության և ուրախության անափ զգացումով:
Բարի երթ Ձեզ, սիրելի՛ գանձասարցիներ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ