Սեբաստիայում (Սիվաս) հայկական գերեզմանոցը մաքրվել է աղբից
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) քաղաքի ռազմական տարածաքում գտնվող հայկական գերեզմանոցում մաքրման աշխատանքներ են իրականացվել: Այս մասին ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթը:
«Աշխատանք հանուն հասարակության» նախագծի շրջանակներում Սիվաս քաղաքապետարանի բանվորները և աղբահավաքները մաքրել են գերեզմանոցի տարածքը՝ գրեթե ամբողջությամբ ծածկված տապանաքարերը դուրս բերելով հողի տակից:
Համանուն նահանգի աշխատանքի և զբաղվածության գործակալության տնօրեն Նուրեթթին Քյոքսալը նշել է, որ թեկուզ ուշացած բայցևայնպես իրենց պարտքն են կատարում 800 տարվա հայ հարևանների առջև: «Մեր պետությունը և կառավարությունը գթասրտությամբ ու կարեկցանքով մեր հայ հարևանների կողքին է»,- ասել է Քյոքսալը:
«Աշխատանք հանուն հասարակության» նախագծի ներկայացուցիչ Սալիհ Փընարլըն հավաստիացրել է, որ հայկական գերեզմանոցը կարճ ժամանակում բարվոք վիճակի կբերվի: