Դասական համերգ` նվիրված Բուխարեստի Հայոց եկեղեցու 100-­ամյակին

Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու կառուցման 100­-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 20­-ին Բուխարեստի Ռադիոտան սրահում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, Ռումինիայի ազգային ռադիոյի նվագախմբի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի «Ռե մինոր կոնցերտը ջութակի եւ նվագախմբի համար», Բեթհովենի «7­-րդ սինֆոնիա»­ն եւ այլ ստեղծագործություններ: Նվագախումբը ղեկավարում էր Սոֆիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարտին Պանտելեեւը, մենակատարն էր ռումին հայտնի ջութակահար Գաբրիել Կրոիտորուն:

Ինչպես գրում է ռումինական մամուլը, համերգը համալրել է նոյեմբերի 7­-ին եւ 8-­ին տեղի ունեցած միջոցառումները` նվիրված Բուխարեստի Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապաց Հայոց եկեղեցու 100-­ամյակին, որն օծվել է Հայոց ցեղասպանության տարում, երբ Օսմանյան կայսրությունում կոտորածների եւ վայրագությունների ընթացքում ոչնչացվում էին հայկական եկեղեցիները եւ պաշտամունքի վայրերը: Նախկին Հայոց եկեղեցու տեղում կառուցված Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցու ճարտարապետությունը նմանակում է Էջմիածնի Մայր տաճարին եւ Անիի առաջնորդանիստ եկեղեցուն: Այդ նպատակով հայտնի ճարտարապետներ Դիմիտրիե Մայմարոլուն եւ Գրիգորե Չերկեզը 1911թ. մեկնել են Հայաստան եւ չորս ամիս տեղում ուսումնասիրել հայկական ճարտարապետության առանձնահատկությունները: Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ եկեղեցում է իր հոգեւոր առաքելությունն սկսել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: Այս եկեղեցու խորանի առջեւ գլուխ են խոնարհել Հակոբ Սիրունին, Գրիգոր Զամբաքչյանը, Վիլյամ Սարոյանը, Արամ Խաչատրյանը, Շարլ Ազնավուրը եւ այլք: Հայոց եկեղեցու կառուցման 100­-ամյակի առիթով ուղերձ էր հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը: «Հայոց եկեղեցին հառնեց հայ ժողովրդի մեծ ողբերգության տարում, ինչը մղում է մեզ հիշել մարդկության ողբերգությունները եւ խորհել քաղաքական դասի պատասխանատվության մասին: 1915 թվականի ճակատագրական այդ դառը պահին Ռումինիան դարձավ կացարան եւ ապաստան, որտեղ Հայոց առաջնորդանիստ տաճարը հառնեց որպես համայնքի խորհրդանիշ, հավատքի ուժ եւ ճակատագրի արտահայտություն»,­ ասվում է Ռումինիայի նախագահի ուղերձում:

Համերգին ներկա էին Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:

Scroll Up