«Ոսկե Աշունը» Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնում

Նոյեմբերի 22-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տոն էր, քանի որ ամեն ինչ զարդարված էր աշնանային գեղեցիկ ու վառ գույներով: Դահլիճի գեղեցիկ ձևավորումը և կենտրոնի սաների հագուստը տրամադրող էր: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը:
Աշունն այստեղ բացահայտվեց մեկ այլ ձևով`իր բերք ու բարիքով և իր գեղեցկությամբ: Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնի գրեթե բոլոր խմբակներից` իրենց գեղեցիկ և յուրահատուկ կատարումներով և բեմադրություններով:
«Ոսկե Աշուն»-ը սկսվեց թատերական խմբակի սաների գեղեցիկ ներկայացմամբ. Ջավախքի աշնանանյին քամին տերևներին քշեց, տարավ և նրանց դարձրեց աշնանային հանդեսի մասնակիցներ, իսկ հետո զարդարված գեղեցիկ սեղանիկներով մրցեցին աշնան մրգերը` «թուզը», «Խաղողը», «Տանձը», «Նուռը» և «Ադամաթուզը»` յուրաքանչյուրը ներկայացնելով տվյալ մրգի հատկանիշները: Տնօրինության կողմից յուրաքանչյուր սեղանիկ ստացավ պատվոգիր` գեղեցիկ և պատշաճ ներկայանալու համար, իսկ ԱԵԿ-ի ամենաակտիվ սաները շնորհակալագրեր ստացան ` Կենտրոնի առօրյա կյանքին միշտ մասնակից լինելու համար:
Ուրախ և բարձր տրամադրությունն ապահովեցին պարի խմբակի սաները «Էջմիածին» և «Փափուրի» պարային կատարումներով:
Իսկ վերջում ԱԵԿ-ի ուսմնական մասի պատասխանատու Սերինե Յայլախանյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց կենտրոնի թե՛ սաներին, և թե՛ բոլոր ուսուցիչներին, քանի որ միջոցառումն, իսկապես, ստացվել էր, և մեծ էր նրանց բոլորի դերն այդ գործում: