Սիրիական բանակը Քեսաբում ռազմավարական կարևոր նշանակության լեռնագագաթ է ազատագրել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/mountain_Kassab-300x225.jpg)
Քեսաբում նոյեմբերի 21-ին ազատագրվել է կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Զահի լեռնագագաթը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ և Քեսաբի հայ համայնքի մամուլի խոսնակ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ լեռնագագաթը գտնվում է Քեսաբից 12-15 կմ հեռավորության վրա: Նա նշեց, որ սիրիական բանակը ռուսական օդային ուժերի հետ միասին մի քանի օր շարունակ ռմբակոծել է լեռնագագաթը և, արդյունքում, ազատագրել այն, ինչպես նաև մերձակա բլուրներն ու հովիտները:
Մինչ այդ լեռնագագաթը գտնվում էր զինյալների վերահսկողության տակ, որտեղից նրանք հրթիռակոծում էին Քեսաբի շրջանները: Ինչ վերաբերում է ներկայում Քեսաբում տիրող իրավիճակին, Մանճիկյանը հայտնեց, որ բանակը շարունակում է զինյալներից մաքրել Զահի լեռնագագաթի մոտ գտնվող հովիտները, խիտ անտառները: Բացի Զահի լեռնագագաթից, ազատագրվել են Քեսաբից 2530 կմ հեռավորության վրա գտնվող մի քանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կետեր: «Հուսանք, որ առաջիկա օրերին ավելի ուրախալի լուրեր կունենանք, որոնք կնպաստեն մեր՝ Քեսաբում ավելի ապահով լինելուն»,-նշեց Մանճիկյանը՝ հավելելով, որ այս քայլն ապահովության երաշխիք կտա:
Նա նաև հույս հայտնեց, որ Քեսաբ Լաթաքիա մայրուղին կվերաբացվի, և դա իր դրական ազդեցությունը կունենա: Մինչև այժմ քեսաբցիները օգտվում են Քեսաբ Լաթաքիա մեկ այլ ճանապարհից:
Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն առանց բացառության, վնասներ էին կրել: Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: