Ականատես լրագրողներն Արցախի մասին իրենց վկայությունները ներկայացրին Եվրախորհրդարանում

Նոյեմբերի 17-ին եվրոխորհրդարանում տեղի է ունեցել «Ականատես լրագրողների վկայություններ զինված հակամարտությունների ընթացքում. Լեռնային Ղարաբաղի պարագան» (Journalists’ Eyewitness Accounts in Armed Conflicts: The Case of Nagorno Karabakh’) խորագրով միջոցառում, որին մասնակցում էին մեծ թվով մասնակիցներ՝ քաղաքական տարբեր խմբակցությունների անդամներ, եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Բելգիայի խորհրդարանի պատգամավորներ: Այս մասին «Ապառաժ»-ին տեղեկացրել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոխորհրդարանում Հայաստանի բարեկամության խումբը եւ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից՝ եվրոպական խորհրդարանի պատգամավոր դոկտ. Էլենի Թեոխարուսի (Կիպրոս, ԵԺԿ) հովանավորությամբ: Դոկտոր Թեոխարուսը Ղարաբաղյան պատերազմի տարիներին կամավ այցելել է Արցախ եւ Ստեփանակերտի հիվանդանոցում աշխատել որպես վիրաբույժ:
Իրենց վկայությունները ներկայացնելու համար հրավիրված էին Տանա Մազալովան Չեխիայից, Ցվետանա Պասկալևան Բուլղարիայից եւ Աննա Կարապետյանը Հայաստանից: Այս երեք լրագրողները Ղարաբաղի հակամարտության տարբեր ժամանակահատվածներում գտնվել են Արցախում եւ իրողությունը վավերագրել են ռազմական գործողություններից մինչեւ զինադադար:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի կողմից ձեռնարկի բացումը կատարելուց հետո տիկին Թեոխարուսը եւ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը իրենց ողջույնի խոսքերն են ուղղել ներկաներին:
Տիկին Թեոխարուսը ևս մեկ անգամ հաստատել է իր զորակցությունն Արցախի ժողովրդին եւ խոսել արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքի մասին:
Դեսպան Մարգարյանը նշել է, որ անհրաժեշտ է պայքարել ոչ միայն Թուրքիայի ժխտողականության դեմ, այլև՝ Ադրբեջանի քաղաքականության, որը միտված է ճշմարտությունը խեղաթյուրելուն: Նա բարձր է գնահատել ներկա գտնվող լրագրողների նվիրվածությունը եւ այս ուղղությամբ նրանց կատարած արհեստավարժ աշխատանքը:
Ապա Ցվետանա Պասկալևան կարդացել է կարճ պատգամ՝ իր խոսքն ուղղելով Եվրոխորհրդարանին: Նա նշել է, որ Ադրբեջանի՝ նման հարձակողական քաղաքականությունը պետք է դադարեցվի, այն ամեն վայրկյան սպառնում պատերազմը վերսկսել: Նա հատկանշականորեն նշել է, որ Արցախի ժողովուրդն իր զոհողությամբ, հաղթեց եւ կերտեց խաղաղ ապրելու իր իրավունքը:
Այնուհետեւ ցուցադրվել է Պասկալևայի՝ պատերազմական դաժան տարիներին նկարահանած եւ ներկայիս խաղաղ պայմաններում ավարտած տեսաժապավեններից մեկը:
Իր հերթին, չեխ լրագրող Տանա Մազալովան ներկայացրել է իր վկայությունները՝ կենտրոնանալով Խոջալուի դեպքերի եւ ադրբեջանական քարոզչության վրա, ինչպես նաեւ ներկայացրել է իր հարցազրույցն այն օրերին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի եւ ադրբեջանցի լրագրող Ճենկիզ Մուսթաֆաևի հետ: Մազալովան խոսել է նաեւ Ադրբեջանի ներկայիս հակահայ եւ հակաժողովրդավարական իրականության մասին:
Լրագրող Աննա Կարապետյանն իր վկայությունները պատմել է 1994 մայիսի զինադադարի շուրջ, որ տեղի ունեցավ Բիշկեքում: Այնտեղ նա ներկա էր որպես լրագրող: Աննան ներկայացրել է այն իրականությունը, որ զինադադարի կնքման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացված էր. դա այն իրականությունն է, որն Ադրբեջանը փորձում է թաքցնել:
Հաջորդիվ եղել են հարց – պատասխաններ, որի ընթացքում ներկա գտնվող պատգամավորները կրկին հաստատել են իրենց օժանդակությունը Արցախին եւ վերահաստատել՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը կարևորել է այս ձեռնարկը՝ նշելով.«Եվրոպական կառույցները, եվրոպական զանազան երկրները պետք է ճիշտ ձեւով իրազեկվեն Արցախի հարցի շուրջ, որը պետք է որպես հակակշիռ օգտագործվի ադրբեջանական քարոզչության դեմ: Այսօր այս խիզախ լրագրողներն իրականության ու արդարության իրենց վկայություններով իրենց ձայները բարձրացրեցին Եվրոպայի կենտրոնում ՝ խավիարային դիվանագիտության ընդդեմ»: