Հայտնի ամերիկացի հաղորդավար Քոնան Օ’Բրայանի՝ Հայաստան ուղևորության մասին ֆիլմը եթեր կհեռարձակվի այսօր
Նոյեմբերի 17-ին եթեր կհեռարձակվի ամերիկյան հայտնի «Քոնան» հեռուստաշոուի հեղինակ և վարող Քոնան Օ՛Բրայանի հաղորդումը Հայաստան կատարած ուղևորության մասին, ըստ Tert.am-ի՝ գրում է The Huffington Post-ը։
Քոնանը վերջերս ճանապարհորդել է Հայաստանում իր օգնական Սոնայի հետ, ում ընտանիքը Հայաստանից է։
Ինչպես կարելի է տեսնել հաղորդման փրեվյուից՝ այն պարունակում է Քոնան Օ՛Բրայանին բնորոշ բազմաթիվ հումորներ, բայց նաև այնպիսի պահեր, որոնք կարող են հուզել ձեր սիրտը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Քոնանը և Սոնան այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Սոնան հուզվում է՝ խոսելով իր պապի մասին և պատմելով, որ վերջերս իրենց ընտանիքը հայտնաբերել է պապի ձայնագրությունը, որտեղ նա պատմում է, թե ինչերի միջով է անցել Հայոց ցեղասպանությունից փրկվելիս։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Քոնան Օ’Բրայանն իր ճամփորդական հաղորդաշարի շրջանակներում այս անգամ շրջել է Հայաստանում:
«Դա հիասքանչ ուղևորություն էր։ Նկարահանումներ ենք արել մոտ 4,5 օր, միլիոնավոր խենթ պատմություններ են եղել»,- ասել էր նա։
«Ես իսկապես հիացած եմ ճամփորդությամբ։ Հայաստանի մարդիկ հիանալի են, և դա չքնաղ փորձառություն էր»,- հավելել էր հայտնի թոք-շոուի հեղինակը: