Ֆրանսիայում լռության համազգային րոպե է անցկացվել Փարիզում զոհվածների հիշատակին
Ֆրանսիայում լռության համազգային րոպե Է անցկացվել նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հիշատակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC ին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զոհվածների հիշատակը լռության րոպեով հարգել Է՝ գտնվելով Փարիզի Սորբոնի համալսարանում: Բացի այդ, սգո միջոցառումներ են անցկացվել Հանրապետության հրապարակում, Էյֆելյան աշտարակի մոտ, ինչպես նաեւ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի եւ «Բատակլան» համերգրասրահի մերձակայքում, որտեղ հարձակումներ են տեղի ունեցել:
Ավելի վաղ Եվրամիության բոլոր երկրների ղեկավարները հորդորել Էին եվրոպացիներին լռության րոպեով հարգել ահաբեկչական գործողություններից զոհվածների հիշատակը: «Մենք, եվրոպացիներս, 2015 թվականի նոյեմբերի 13ը հիշելու ենք որպես սգո եվրոպական օր»,- ասված Էր հանրակցության պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոքհամերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 129 մարդ: