Նոր Ջուղայում նշվեց «Չահարմահալ» միության հիմնադրման 85-ամյակը (լուսանկարներ)

Հայ ուսումնասիրաց «Չահարմահալ» միության Նոր Ջուղայի մասնաճյուղի վարչության նախաձեռնությամբ , ուրբաթ` նոյեմբերի 13-ի երեկոյան, նույն միության կենտրոնատեղիի հարկի տակ նշվեց միության հիմնադրման եւ գործունեության 85-րդ տարեդարձը: Այս մասին Իրանից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Երանուշ Թահմազյանը:
Միության հիմնադիր անդամների պատկերների ներքո, հանդիսության մեկնարկը տրվեց միության հիմնի հոտնկայս ունկնդրությամբ,որից հետո ողջույնի եւ բացման խոսքով հանդես եկավ օրվա հաղորդավար` Կարեն Խանլարյանը,ապա խոսքը տրվեց Տ. Մեսրոպ ավագ քահանա Գալստյանին: Քահանա Հայրը, շնորհավորելով միության 85-ամյակը, կարեւորությամբ ընդգծեց հայ համայնքներում, ազգային մարմինների կողքին աշխատող միությունների ներկայությունը եւ հայապահպանման առումով նրանց նշանակալի դերը : Նա դրվատելով միության ծավալած աշխատանքները, հույս հայտնեց, որ նոր սերունդը եւս պահապանը լինի այս գաղափարաբանության եւ նման հավաքական կյանքի գաղափարը փոխանցի ապագա սերունդին:
Այնուհետեւ հոբելյար միության 85-ամյակի տորթը կտրելու պատիվը տրվեց միության բազմավաստակ եւ ամենաերեց անդամներ` Եսայի Թորոսյանին,Նվարդ Վարդանյանին եւ Սաքո Սիմոնյանին:
Հաջորդիվ 6-ամսյա ծավալած աշխատանքներից համառոտ զեկույց ներկայացրեց միության Կենտրոնական վարչության անդամ Սոնիա Միրզաբեգյանը եւ ընթերցեց Թեհրանից հղված Հայ ուսումնասիրաց «Չահարմահալ» միության Կենտրոնական վարչության ուղերձը:
Երեկոյի ընթացքում հերթաբար ելույթ ունեցան միության Հաշվեքննիչ մարմնի, Ձեռնարկային հանձնախմբի եւ Գեղարվեստական միավորի ներկայացուցիչներ` Ֆրիդա Ալահվերդյանը, Սեդա Բալյանը եւ Արազ Տեր-Գրիգորյանը, նաեւ «Փերիո» կրթասիրաց միության նախագահ Հայկ Հայրապետյանը:
Գեղարվեստական բաժնում երգերով հանդես եկավ Րաֆֆի Խուդաբախշյանը, որին կիթառի կատարմամբ ընկերակցում էր Ժանետ Խուդաբախշյանը: Երգեցին նաեւ Լիդա Հակոբյանը եւ Ռիտա Մինասյանը, որոնց երգեհոնի կատարմամբ ընկերակցում էր Ալբերթ Ղազարյանը:
Պաշտոնական բաժինը ամփոփվեց միության վարչության նախագահ Վարդանես Մկրտչյանի շնորհակալության խոսքերով՝ ուղղված բոլոր նրանց, որոնց համագործակցությամբ իրականացավ միջոցառումը:
Պաշտոնական բաժնից հետո` հրավիրվեցին եւ ընթրիքի սեղանը օրհնեցին հոգեւոր հայրերը:Երեկոն շարունակվեց ընդունելությամբ եւ խրախճանքով:
Ընթացքում ներկանները առիթ ունեցան այցելելու նաեւ սրահին կից կազմակերպված ցուցահանդեսը, որը Չահարմահալ գավառի հայկական տարազով եւ լուսանկարների միջոցով ներկայացնում էր գավառի եւ միության հարուստ անցյալի մի փոքր հատվածը:
Հատկանշելի է, որ հոկտեմբերի 30-ին, նախաձեռնությամբ Հ.Ուս. «Չահարմահալ» միության Նոր Ջուղայի մասնաճյուղի վարչության, Ս.Ստեփանոս եկեղեցում տեղի է ունեցել Հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ ննջեցյալ հիմնադիրների ու միութենականների հոգու խաղաղաղության:
Լուսանկարները՝ հեղինակի