Հայ մշակույթի փառատոն Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Վարդանյան» կենտրոնում (լուսանկարներ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/փառատոն7.jpg)
Ռուսաստանի հայերի միության կազմակերպած հայ մշակույթի ամենամյա նոյեմբերյան փառատոնը, որ սովորաբար անցկացվում էր այլևայլ համերգային դահլիճներում, այս տարի հյուրընկալվեց Կրասնոդարի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնում։ Այս մասին Կրասնոդարից «Հայերն այսօրին» հայտնում է Երազիկ Հարությունյանը:
ՌՀՄ երկրամասային բաժանմունքն այս փառատոնը կազմակերպում է Կրասնոդարի մարզպետարանի՝ «Ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման» և «Ազգային մշակույթի զարգացման» ծրագրերի շրջանակներում, ստանալով պետական համապատասխան կառույցների աջակցությունը։
Այս անգամ տոնին մասնակցելու էր եկել երկրամասի ներքին քաղաքականության բաժնի պետ Սերգեյ Մոզգովոյը։ Տոնի զգացողությունը կատարյալ էր, քանի որ ավելի հայկական էր այստեղ մթնոլորտը և Գերաշնորհ Սրբազան Մովսես Մովսեսյանի ու հոգևոր դասի ներկայությունը պարտավորեցնում էր առավելագույնս։
Թվով 7-րդ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոնին մասնակցելու էին եկել գեղարվեստական խմբեր՝ Կրասնոդարից, Նովոռոսիյսկից, Արմավիրից, Տուապսեից, Անապայից, Տիմաշևսկից, Կուրգանինսկից, Մայկոպից և Կոնևսկայայից։
ՌԴ և ՀՀ հիմների հնչեցումից հետո ողջույնի խոսք ասացին «Վարդանյան» կենտրոնի տնօրեն Տեր Սարգիս Թաշջյանը և միջոցառման կազմակերպիչ Ալեքսեյ Հովհաննիսյանը: Այնուհետև ՌՀՄ երկրամասային բաժանմունքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը փառատոնը հայտարարեց բացված։ Տանտիրոջ իրավունքով համերգը մեկնարկեց և ավարտեց Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Նարեկ» երգի-պարի խումբը։
Մեկը մյուսին հաջորդող գունեղ, հայաշունչ համարները հայրենակարոտությամբ էին լցնում հանդիսատեսի հոգին։ Հաղորդավար, վաստակաշատ մշակույթի գործիչ Անգին Անտոնյանը բնութագրական և խրախուսիչ խոսքեր էր գտնում բոլոր մասնակիցների և ստեղծագործողների համար։
Եթե Տուապսեից եկած պատանիները՝ պարուսույց Արմեն Թադևոսյանի ղեկավարությամբ զարմացնում էին իրենց վարպետությամբ և կատարումների բարձր մակարդակով, ապա Նովոռոսիյսկը, Անապան ու Կոնևսկայա ստանիցան ուշադրության արժանացան համարների բազմազանությամբ, իսկ Մայկոպն ու Տիմաշևսկը՝ իրենց փոքրիկ արտիստների համարձակությամբ և արվեստի ու բեմի նկատմամբ ունեցած մեծ սիրով։
Բոլոր համարները տպավորիչ էին և հաճելի։ Անկասկած հանդիսատեսի ընկալումներում առանձնացան Կուրգանինսկի «Ստվերների թատրոնի» փոքրիկ ներկայացումը (գեղ. ղեկավար Թեհմինե Առաքելյան), Արմավիրի «Կոմիտաս» համույթի «Մոկաց հարսներ» անթերի պարը (պարուսույց՝ Արևիկ Մարգարյան) և «Նարեկ» խմբի գեղարվեստական ղեկավար Աննա Մոսինյանի մենապարը (պարուսույց՝ Ամալյա Մոսինյան)։
Վերջում բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր և նվերներ։
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր աջակցում են վառ պահելու հայկական մշակույթի հոգեհմա լույսը, ովքեր հայկական հոգեպարար երգ ու պարով, խոսք ու նվագով պարբերաբար բորբոքում են հայրենասիրական զգացումներ, ազնվացնող կարոտ և մաքրող հույզեր։
Հայկական կյանքը շարունակվում, ծավալվում և թափ է առնում ոչ միայն Հայաստանում, այլև մայր հայրենիքի իրական սահմաններից դուրս, նրա հոգևոր անծայրածիր դաշտում։