Շտուտգարտում անցկացվել են հայկական մշակույթի օրեր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Շտուտգարտ.jpg)
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում հոկտեմբերի 19-31-ն անցկացվել են ավանդական դարձած «Հայ մշակույթի օրերը», որոնք այս տարի նվիրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲադենՎյուրթեմբերգի հայ համայնքից, միջոցառումների մեկնարկը տրվել է պրոֆեսոր Միհրան Դաբաղի «Հավետ շրջապատում է քեզ այն, ինչ անանուն մնաց» դասախոսությամբ: Բանախոսը ներկայացրել է Ցեղասպանությունը վերապրածների հուշերի գիտական վերլուծության կարևորությունը։
Երեկոյի երաժշտական բաժնում դաշնակահարուհի Իզաբելա Մելքոնյանը, ջութակահար Հրայր Աճեմյանն ու վոկալիստ Արտակ Կիրակոսյանը հանդիսատեսին են ներկայացրել հայ դասական երաժշտության գոհարներից։
Իրենց ողջույնի խոսքով հանդես են եկել Բադեն-Վյուրթեմբերգի Ինտեգրման նախարարի տեղակալ պրոֆեսոր Համանն ու Կանաչների կուսակցության պարգամավոր Յորգ Ֆրիցը։
Հաջորդ օրերի ընթացքում անցկացվել են Հայոց Ցեղասպանությանը նվիրված բանախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, երկխոսություններ Սիբիլե Թելենի, Գայանե Այսլերի, Դողան Ակհանլիի և Բենյամին Եհմալեանի մասնակցությամբ։ Միջոցառումների ցանկում իր ուրույն տեղն է զբաղեցրել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված հուշ երեկոն, որի շրջանակներում գերմանացի և հայ հանդիսատեսին են ներկայացվել մեծանուն գրողի կյանքն ու ստեղծագործական ուղին, շեշտադրելով բանաստեղծի ջանքերը ցեղասպանությունը վերապրած մանկանց խնամատարության հարցում։ Երեկոյի սկզբում գերմանուհի հեքիաթասաց Դիանա Քրյուգերը ներկայացրել է «Հուրի Փերի» հեքիաթը, որի ավարտին Շտուտգարտի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շաբաթօրյա դպրոցի սաները ներկայացրել են «Չարի վերջը», «Անբան Հուռին» և «Կիկոսի մահը» հեքիաթների թատերականացված տարբերակները։
Հաջորդ ուշագրավ միջոցառումը Թուրքիայից ժամանած Յուլիա Մութլուի «100 տարի՝ 100 տարազ» նախագիծն է եղել, որի ընթացքում ցուցադրվել են Արևմտյան Հայաստանի ձեռագործ 100 տարազներ։ «Հայ մշակույթի օրերը»-ի շրջանակում անցկացվել են նաև համերգային երեկոներ: Զազի սիրահարներն առիթ են ունեցել ներկա գտնվելու երկու մասից բաղկացած համերգի: Առաջին բաժնում հանդես է եկել Cologne World Jazz Ensembleը, որի ամբողջ ծրագիրն իր մեջ ներառում էր հայկական ժողովրդական և դասական գոհարների ջազային վերամշակումները։ Համերգի երկրորդ բաժնում հանդես է եկել Chicko’s New Trio խումբը, որի կազմում են երկու սերունդներ ներկայացնող երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներ Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս) և խմբի ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն (Chicko) Թութունջյանը (հարվածային գործիքներ)։ Համերգի ավարտին երկու խմբերն` ի հիշատակ ցեղասպանության զոհերի, կատարել են Կոմիտասի «Գարունա» ստեղծագործությունը:
Հայ հոգևոր երաժշտությունը ներկայացվել է Էսլինգենի մայր եկեղեցում։ Երեկոն սկսվել է տեր Տիրատուր քահանա Սարդարյանի «Կոմիտաս Վարդապետ՝ հանճար, որին լռեցրին» դասախոսությամբ։ Հաջորդիվ Անուշ Սողոմոնյանը ներկայացրել է շարականներ։ Երեկոյի երրորդ բաժնում ելույթ են ունեցել Քրիստինա Ալթունյանը (ջութակ) և Լուիզա Սպահնին (ալտ):
Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանության փողային նվագախմբի կատարմամբ Շտուտգարտի համերգասրահներից մեկում անցկացվել է «Հայկական պարեր» խորագրով բարեգործական համերգ։ Խմբավար Շտեֆան Ռ. Հալդերի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացրել է Հ. Հալվորսենի, Յ. Վան դեր Ռոոստի, Ֆ. Լեհարի, Մ. Շնայդերի և Հ. Ջեյմսի ստեղծագործություններից։ Ծրագրում առանձնահատուկ տեղ էին գրավվել Ալֆրեդ Ռիիդի «Հայկական պարեր» ստեղծագործությունը, ինչպես նաև Երվին Շուլհոֆի «Hot Sonate (JazzConcerto)»ն, որի մենակատարն էր գերմանաբնակ սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը։
Համերգի ողջ հասույթը տրամադրվել է «Շտապ օգնություն սիրիահայությանը» կազմակերպությանը։
Հայ մշակույթի օրերն ավարտվել են ավանդական գալա համերգով, որն իր ներկայությամբ պատվել է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Դեսպանի ողջույնի և գնահատանքի խոսքերից հետո սկսվել է համերգի առաջին բաժինը, որում ելույթ է ունեցել բրազիլական ENCANTO երգչախումբը և դաշնակահարուհի Դիանա Սահակյանը։
Համերգի երկրորդ բաժինը նվիրված է եղել հայ ժողովրդական ու աշուղական արվեստին, որն էլ ներկայացրել են ՀՀ վաստակավոր արտիստ Գևորդ Դաբաղյանն ու երգիչ Գուրգեն Դաբաղյանը։
Մշակույթի օրերն անցկացվել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի և համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի նախաձեռնությամբ, հայ և գերմանական մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Բադեն-Վյուրթեմբորգի ինտեգրման նախարարության, Շտուտգարդտի մշակույթի բաժնի, ինչպես նաև մասնավոր հովանավորների աջակցությամբ: