«Արտակ Մանուկյան» թանգարանը՝ որպես թեհրանահայության այցեքարտ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Թեհրան.jpg)
Հարցազրույց` «Արտակ Մանուկյան» թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադյանի եւ գրասենյակի պատասխանատու Աշխեն Եղիայանի հետ
-Խնդրում եմ ներկայացնեք Ձեզ որպես գրասենյակի պատասխանատուի, նաեւ բացատրություններ տվեք թանգարանի աշխատանքների ընթացքի մասին:
– «Արտակ Մանուկյան» թանգարանն իր աշխատանքն սկսել է 2008 թվականից: Իսկ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի առաջարկով եւ հաստատմամբ «Արտակ Մանուկյան» թանգարանի աշխատանքը հանձնարարվեց մեզ 2015 թվականի ապրիլի 21-ին: Ես տնօրինում եմ թանգարանի աշխատանքները, գրասենյակի պատասխանտվությունը հանձն է առել Աշխեն Եղիայանը եւ Թեմական խորհրդի կողմից որպես կապ նշանակվել է Արմինե Սեթխանյանը:
Թանգարանի ամենօրյա աշխատանքային ժամերն են` առավոտյան 9:00-ից մինչեւ 17:00-ը՝ բացառությամբ երկուշաբթի օրերից, երբ թանգարանը փակ է. իսկ ուրբաթ օրերին` 9:00-ից 13:00-ն ենք աշխատում:
Թանգարանի մոտ ունենք կրպակ, որտեղ վաճառում ենք հայաստանյան, ինչպես նաեւ երիտասարդների պատրաստած ձեռքի աշխատանքները, որոնք բավական մեծ ընդառաջում ունեն այցելուների կողմից: Ունենք անցյալից տպագրված երեք լեզվով բացիկ, որտեղ ներկայացվում է թանգարանը ամբողջությամբ. դրանք ցանկության պարագային նվիրում ենք այցելուներին:
– Ին՞չ աշխատանքներ եք տարել մինչ այժմ:
– Թանգարանի աշխատանքը ստանձնելուն պես, թանգարան այցելեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, առաջնորդարանի դիվանապետի ընկերակցությամբ, որի ընթացքում Սրբազան Հայրը իր հայրական օրհնությամբ ու խորհուրդներով լիցքավորեց մեզ, «Արտակ Մանուկյան» թանգարանի աշխատանքները առավել հաջողությամբ կազմակերպելու համար: Այնուհետեւ առաջնորդական փոխանորդ` Տ. Մակար եպս. Աշգարյանը, համայնքիս արվեստագետները, թարգմանիչները եւ Հայաստանից Թեհրան ժամանած խմբերը, իրենց այցելություններով բավական աշխուժություն եւ եռանդ են ներշնչել մեզ: Սրբազան հայրը 2-րդ անգամ թանգարան է այցելել սեպտեմբերի 27-ին, եւ մեծ գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների եւ նկարների դասավորման համար:
Այնուհետեւ մայիսի 21-ին Իրանում ՀՀ դեսպանատան մշակութային բաժնի առաջարկով մշակվեց Թանգարանային գիշեր անվամբ ծրագիրը, թանգարանը ամբողջությամբ ներկայացնելու նպատակով: Դեսպանատան միջոցով հրավեր հղվեց բոլոր դեսպանատներին, նաեւ հայտարարություն տպագրվեց «Ալիք» օրաթերթում, ուր հյուրընկալեցինք դեսպանատների դիվանագիտական եւ պաշտոնյա կազմերին, նաեւ համայնքիս հայրենակիցներին: Այնուհետեւ հյուրընկալեցինք 12-րդ շրջանի քաղաքապետին` ճրտպ. Մալեքին ու բարձրաստիճան պաշտոնյա անձնակազմին: Թվով 30 հոգի ներկաները, բարձր տպավորությամբ եւ համագործակցության առաջարկություններով թողեցին թանգարանը:
– Ինչպիսի՞ն է այցելուների թվային պատկերը եւ մոտավորապես օրական քանի՞ այցելու ունեք:
– Մինչ այժմ ունեցել ենք 750 այցելու, որից 150-ը` պաշտոնական: Օրական մոտավորապես քսան այցելուներ ունենք, որոնց ամբողջությամբ ներկայացնում ենք մեր թանգարանի բոլոր արժեքները:
– Ին՞չ նոր մտահղացումներ եւ առաջարկներ ունեք ապագայի համար:
– Ներկայում կան համագործակցության նպատակով առաջարկություններ` զբոսաշրջային գործակալության (سازمان گردشگری) կողմից: Հուսով ենք որքան շուտ կարողանանք միասնական աշխատանքներ ծրագրել, որով կկարողանանք լավագույնս ներկայացնել մեր ազգային եւ կրոնական արժեքները:
Բարեբախտաբար ներկայում թանգարանն ունի իր կանոնավոր աշխատանքային ընթացքը, ակնկալում ենք, որ մեզ հետ առավել սերտ համագործակցեն` թեհրանահայ միություններն ու դպրոցները: Նաեւ հուսով ենք կկարողանանք իրականացնել Թեհրանի ոչ-հայկական դպրոցների հետ համագործակցությունը:
Փորձում ենք ունենալ գովազդային ցուցափեղկ կամ պաստառ` եկեղեցու պատին կից մուտքի դռանը, որտեղ կներկայացվի թանգարանը, այդպիսով կկարողանանք ներգրավել է՛լ ավելի շատ այցելուներ:
Ուսումնասիրել ենք Թեհրանում աշխատող թանգարանների աշխատելու եղանակները: Աշխատում ենք անթերի ներկայացնել թանգարանը, եթե կան թերություններ, սիրով կլսենք առաջարկները:
– Տկն. Աշխեն, որքան գիտենք Դուք վարում եք գրասենյակային աշխատանքը, խնդրում եմ խոսեք Ձեր աշխատանքի մասին:
– Հարկ է նշել որ ընդհանրապես գրասենյակային աշխատանքը պահանջում է հետեւողականություն եւ բծախնդրություն, մասնավորապես թանգարանի գրասենյակը, որտեղ պահվում են պատմական, կարեւոր արխիվներ: Այս քանի ամիսների ընթացքում հավաքագրվել ու դասակարգվել են անցյալի բոլոր նկարները, կարեւոր գրություններն ու արխիվները: Աշխատանքային օրվա ավարտին անմիջապես կազմվում է աշխատանքային օրվա զեկույցը, մեքենագրվում եւ որպես արխիվ` պահվում: Հարկ եղած պարագայում կարեւոր լուրը անմիջապես հղվում է «Ալիք» օրաթերթ` տպագրվելու նպատակով: Այս ընթացքում նաեւ հավաքագրվել եւ նկարահանվել են հին գրքեր, մեզ մոտ պահված կարեւոր նկարներ եւ գրություններ: Այս աշխատանքում իր համագործակցությունն է ցուցաբերել Տ. Արիստակեսը, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Վերանայվել ու դասավորվել է թանգարանի պահեստը: Պահեստում մնացած կարեւոր իրերը տեղադրվել են թանգարանի տարածքում, դասակարգվել է համակարգչի բոլոր արխիվներն ու նկարները, ներկայում թանգարանի կայքէջը կարիք ունի աշխուժացման եւ թարմացվելու:
Ազգ. առաջնորդարանի Հանրային կապ