Քեմալականները հյուրընկալել են Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած երկրի նախկին ղեկավարին

Վերջերս Թուրքիա էր այցելել Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե  Մուխիկան, ով հայտնի է  իր զուսպ կենցաղով: Մուխիկային ցուցաբերված ջերմ ընդունելության և հյուրասիրության թեմային անդրադարձել է թուրք պատմաբան, լրագրող  Մուրադ Բարդաքչըն:  Թուրքական «Habertürk» լրատվական կայքում հրապարակված հոդվածում նա շեշտում է, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին պետությունն է աշխարհում: (Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 1965 թվականին):

Իր հոդվածում թուրք պատմաբանը նաև հիշեցնում է, որ Մուխիկան եղել է Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմկոմիտեի անդամ:

Ըստ թուրք պատմաբանի հիշեցումների` նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց՝ 2010 թվականին ապրիլի 24-ին, Մուխիկան մասնակցել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Ուրուգվայ այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի և դատապարտվի: Ղարաբաղի հարցում պաշտպանել է հայկական տեսակետը: Բացի այդ, ըստ Բարդաքչըի, Մուխիկան հաստատել էր Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու որոշումը:

Ի լրումն վերոթվարկյալի՝ հեղինակը վերջում տեղեկացնում է, որ Մուխիկային հյուրընկալել են քեմալականները՝ այլ կերպ ասած՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», որն իր նախընտրական ծրագրում  խոստացել էր շարունակել «պայքարը Հայոց ցեղասպանության մեղադրանքների դեմ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Scroll Up