ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանին

Սրբազա´ն Հայր,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի թեմի Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման 100-ամյակի առիթով:

Հիրավի, խորհրդանշական է, որ 100 տարի առաջ, երբ Արևմտյան Հայաստանում մոլեգնում էր հայաջինջ քաղաքականությունը, ավերվում և ոչնչացվում էին հազարավոր հայկական վանքեր ու եկեղեցիներ, մշակութային անզուգական արժեքներ, ռումինահայ համայնքի երևելիների անկոտրում կամքով Բուխարեստի սրտում ի հեճուկս թուրքերի, վեր խոյացավ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին, որն այսօր էլ որպես մի մարգարիտ  զարդարում  է  Բուխարեստը:

Սրբազա´ն Հայր,

 Մեկ ամիս առաջ լինելով Ռումինիայում, հյուրընկալվելով առաջնորդարանում, հանդիպելով մեր տաք,ակտիվ համայնքի և նրա տաղանդավոր ղեկավարների՝ Վարուժան Ոսկանյանի և  Վարուժան Փամբուկչյանի հետ, մասնակցելով Ռումինահայոց միության 25-ամյակին, հպարտության և հիացմունքի պահեր ապրեցի: Ուրախալի է, որ համայնքը համախմբված հայոց եկեղեցու շուրջ՝ իր ուրույն, մնայուն և կարևոր դերակատարությունն ունի ռումինահայերի, ինչպես նաև Ռումինիայի կյանքում:

Ակնհայտ է Ձեր ազգանվեր նվիրումն ու ծավալած անխոնջ գործունեությունը որպես թեմի առաջնորդ:

Գնահատելի են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ձեր նախաձեռնությունները, բազմաթիվ  ձեռնարկները, մասնավորապես Ապրիլի 24-ին Ձեր գլխավորությամբ Բուխարեստի Վիկտորյա հրապարակում, Կառավարության շենքի դիմաց, բազմամարդ հանրահավաքը Ռումինիայի քրիստոնյա այլ համայնքների բարձրաստիճան եկեղեցականների մասնակցությամբ: Չեմ կարող չնշել Պիտեշտ քաղաքի Շինականի թանգարանի տարածքում Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի ծառատունկի միջոցառումը, ՀՀ դեսպանության ու տեղական իշխանությունների մասնակցությամբ Պիտեշտի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշարձանի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողությունը և այլն: Տպավորիչ էր նաև  ապրիլյան օրերին Ռումինիայի հայ առաքելական և կաթոլիկ բոլոր եկեղեցիներում մատուցված հիշատակի պատարագները, որոնք ևս հերթական  ծանրակշիռ քայլեր  էին  Հայոց ցեղասպանության միջազգայնացման գործում:

Վստահ եմ, որ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման 100-ամյակը կդառնա  Ռումինիայի հայ համայնքի համար հոգևոր վերածննդի նոր խթան՝ նպաստելով թեմի հայապահպան գործունեության էլ առավել աշխուժացմանը: Այն կխորացնի հայության, Հայաստանի հետ գործակցությունը, համազգային առաջնահերթ խնդիրների շուրջ ռումինահայ համայնքի աշխատանքների ակտիվացումը :

Ոգևորիչ է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Ռումինիայի թեմը` Ձեր տիրախնամ առաջնորդությամբ, շարունակում է իրականացնել հայպահպան նոր ձեռնարկներ, ծառայել հոգևոր-մշակութային և երիտասարդության կրթա-դաստիարակչական գործին:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում: Վստահ եմ, որ նաև Ձեր ուղղորդմամբ է համայնքն ակտիվ մասնակցում ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Թո’ղ Երկնային Տիրոջ զորակցությամբ բազմապատկվեն Ձեր ուժերը` ի շահ Հայ Առաքելական Եկեղեցու և ի փառս Մայր հայրենիքի:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ   

 

 

 

Scroll Up