Աչքի մը պէս պարզ, բայց աչքի մը պէս խորիմաստ են Զահրատի ստեղծագործութիւնները

Զահրատ (Զարեհ Յալտըզյան) 

Լրագրող, խմբագիր, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Զահրատի «Մեծ քաղաք» (1943թ.), «Գունավոր Սահմաններ» (1968թ.), «Բարի երկինք» (1971թ.), «Բանաստեղծություններ» (1971թ.) ժողովածուները և այլ գործեր թերևս առավել քաջածանոթ էին սփյուռքահայությանը, սակայն մեզանում էլ, դեռևս 80-ականներին, բեմերից, ռադիոյով և հեռուստատեսությամբ լսվում էին տաղանդավոր գրողի շատ ինքնատիպ ստեղծագործությունները: Զահրատն իր գրչով դարձավ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո սփյուռքահայ գրականության զարգացման նվիրյալներից մեկը: Պոլսահայ գրողների մի աստղաբույլ է ձևավորվում այդ տարիներին, մի նոր սերունդ, ով նոր որակ է բերում ետպատերազմյան գրական աշխարհ` հարստացնելով այն բազմազանությամբ, ասելիքի նորությամբ ու թարմությամբ:

… Վահրամ Մավյան, Գառնիկ Ադդարյան, Զարեհ Խրախունի, Զահրատ և ուրիշներ, ստեղծում են արժեքավոր մի գրականություն` ժամանակին հարիր շնչով ու ոգով: Գրողների այդ աստղաբույլում Զահրատը բոլորովին տարբերվում էր իր ստեղծագործական ուրույն ոճով. նրա աշխարհը` լեցուն տխրության, կատակի, ափսոսանքի, տագնապի, լույսի ու հույսի, սիրո ելևէջումներով, նախ` թվում է շատ առօրեական, հետո, երբ ընկղմվում ես այդ աշխարհում, քեզ պարուրում է մի խորախորհուրդ խոհափիլիսոփայություն: Նրա հերոսը` Կիկոն, մեզ հանդիպում է ամենուր` իր ուրույն տիպարով, որը խմբագիր Երվանդ Ազատյանի բնորոշմամբ «չափլինեան տիպար է, իր միամտութեան մէջ փիլիսոփայ եւ իր փիլիսոփաութեան մէջ` միամիտ», ասել է թե` նախաստեղծ մաքրությամբ ու պարզությամբ:

Կիկոյի միտքը ման կուգա քաղաքե քաղաք

– Կիկո աշխարհի մասին կը խորհի –  

Կիկոյի միտքը կը սավառնի մոլորակե մոլորակ

– Կիկո կը մտածե արեգակնային դրության վրա-

Կիկոյի միտըք կը ճախրե աստղե աստղ

– Կիկո տիեզերք մը կ’երևակայե…

Հենց կիկոյական այս պարզության մեջ է Զահրատի բանաստեղծության խորքն ու ողջ հմայքը. երեք տող, թե` մեկ բառ, միևնույն է, ամեն ինչ ասված է:

Մի՛ լար, լույս, մի լար,

Երկինքեն ինկողը չի լար:

Մի լար, թե աղքատի տուն ինկար,

Գլխու վրա է տեղդ:

Մի՛ լար, լույս, մի լար,

Գետնահարկ չինկող լույսերը թող լան:

Ահա թե ինչ է գրել Ռոբեր Հատտեճյանը Զահրատի մասին. «Զահրատ իսկական պոէմ մըն է, եթե ոչ կեանքի մէջ, անպայման բանաստեղծութեան մէջ: Ան կը շրջի սրտէ սիրտ, սէրէ սէր, երգէ երգ, լարէ լար եւ ձեռք կու տայ բոլոր անոնց, որոնք գիտեն կեանքը իրականութիւններուն նայիլ երազի մը ընդմեջէն… Զահրատ բառ գործածելու վարպետ մըն է: Ան իսկապէս մեծ վարպետութեամբ իր մօտ կը կանչէ հայոց լեզուի բառերը»:

Զահրատն իր քաղաքի, իր ապրած թաղի, իր ապրած դարի, կյանքի բանաստեղծն է:

Ինչ դժվար է, երբ մարդ ձեռքը աղերսագիր մը ունի

Ու չի գիտեր որո՞ւ հղե, որո՞ւ տա:

Փողոց-փողոց կամ դուռնեդուռ կը պտտի ճարահատ,

Փողոց անել – դռները գոց երեսին,

Երազ-երազ կամ սիրտե սիրտ կը դեգերե շվարուն

Երազը մութ – սրտերը փակ իր սրտին:

Պարույր Սևակի մահվան առիթով գրված այս տողերը ասես զրույց է ինքն իր հետ.

«Պարո՛ւյր, մանչս, քանի որ

Նոյն տարիքը ունէինք –

Մանուկ էինք երկուքս ալ –

Խաղը կիսատ թողուցիր –

Չեղա՜ւ ասիկա»:

«Կեանքը ծով մըն է եթէ, նաւակ մը «Զահրատ» անուն, հետք ու հիշատակ թողլով, անցաւ հոնկէ…», – գրել է խմբագիր Սևան Տեյրիմենճյանը, իսկ Իգնա Սարըասլանի բնորոշմամբ` «Աչքի մը պէս պարզ, բայց աչքի մը պէս խորիմաստ են Զահրատի ստեղծագործութիւնները»:

2007-ին իր մահկանացուն կնքած բանաստեղծի գրքի վերջին խոսքերն էլ եղան իր ապրելու բանաձևի ամբողջացումը` «Եկեր եմ, կ’երթամ այսպէս, որու ի՞նչ…»:

Բազմաթիվ շքանշանների, մեդալների ու մրցանակների («Կարդինալ Աղաջանյան» շքանշան, «Վահագն» մրցանակ, ՀԲԸՄ-ի Ալեք Մանուկյանի մշակութային հիմնադրամի մրցանակ, «Ս. Սահակ», «Ս. Մեսրոպ» շքանշաններ, ՀՀ «Մովսես Խորենացի» պետական շքանշան, World Congress Of Poetry-ի «Դափնեկիր բանաստեղծ» տիտղոս և այլն) արժանացած գրողը թերևս ամենից շատ հպարտանում էր Հայաստանի Հանրապետության կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալով: Նրա մահից հետո «Բառ բառի քով» լույս ընծայված ընտրանին ընդգրկում է Զահրատի ժողովածուների լավագույն էջերը, որոնք 2007 թվականին հրատարակել է «Նաիրի» հրատարակչությունը: Նրա 8 անտիպ ժողովածուները գրողի նվիրյալ կնոջ` տիկին Անաիսի հոգածությամբ լույս աշխարհ եկան` ի ուրախություն Զահրատի պոեզիայի, արձակ էջերի երկրպագուների: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են 27 լեզուներով: Զահրատն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի սրբատառ կոնդակին… Արժեքավոր գործերով ու գործունեությամբ ապրած այս արժանավոր հայորդուն, օրերս, ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Հայաստանի գրողների միությունն արժանին մատուցեցին` նշելով նրա 90-ամյա հոբելյանը Գրողների միության դահլիճում, ուր պոլսահայ ասմունքող Սիլվա Կոմիկյանի կատարմամբ հնչեցին Զահրատի բանաստեղծությունները, այդ բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը և մեր ճանաչված մտավորականների ու գրողների ջերմ ելույթները: Մեկ անգամ ևս հաստատվեց հայտնի այն ճշմարտությունը, որ գրողն ապրում է այնքան, որքան` իր գործերը:

Կարինե Ավագյան 

01 02 03 04

Scroll Up