Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները

Նոյեմբերի 6-ին Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կողմերը կարևորեցին 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը և ս.թ. մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։
Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի և Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։
Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբեր ամսին խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին ՀՀ նախագահի մասնակցության կապակցությամբ և գոհունակություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։