ԵՄ անդամակցության հարցում Թուրքիային զիջումներ չեն արվելու. Հոլանդիայի վարչապետ

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ փախստականների ճգնաժամի լուծման համար Եվրամությանն անդամակցության հարցում Թուրքիային զիջումներ չեն արվելու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հոլանդիայի խորհրդարանում ունեցած ելությում Ռյուտեն ասել է, որ փախստականների ճգնաժամն ու ԵՄ ընդլայնման հարցերն իրարից միանգամայն տարբեր եւ միմյանց հետ կապ չունեցող հարցեր են:
Դրանով նա փարատել է Հոլանդիայի ընդդիմության այն մտահոգությունը, որ Թուրքիայում դեմոկրատական պայմանների ու մարդու իրավունքների գնալով վատացման պայմաններում Անկարան կարող է սակարկության վերածի իր ԵՄ անդամակցության հարցը:
Ռյուտեն պատգամավորներին հավաստիացրել է, որ փախստականներին Թուրքիայի տարածքում ճամբարներում տեղավորելու եւ Եվրոպա նրանց անցումները չթույլատրելու շուրջ շարունակում են բանակցություններն Անկարայի հետ:
Նա ասել է, որ այդ հարցում ԵՄ-ը պատրաստ է զգալի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւ շարունակել բանակցությունները թուրք քաղաքացիներին ԵՄ տարածք մուտքի արտոնագրերը դյուրացնելու շուրջ:
Դրա հետ միասին Ռյուտեն ընդգծել է, որ վիզայի դյուրացումից եւ տնտեսական աջակցությւնից բացի ԵՄ անդամակցության չափանիշների հետ կապված որեւէ զիջում Թուրքիային չի կարող արվել:
Նա նշել է, որ արդեն մեծ եւ կարեոր է զիջում է այն, որ կապված Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ, ԵՄ-ը հետաձգել է Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության «Առաջընթացի զեկույցը», որում գնահատականներ են տրվելու այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին:
Կայքը մեջբերել է հոլանդացի հայտնի լրագրող եւ իրավաբանական գիտությունների պրոֆեսոր Աֆշին Էլիանի` հոլանդական մամուլում օրերս հնչեցրած այն համոզմունքը, որ «սարսափ տարածող եւ դասական բռնապետի վարք ցուցադրող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ցանկանում է հավերժ իշխանության գլուխ լինել»:
Էլիանը Թուրքիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակել է որպես «ժողովրդավարության սպանություն» եւ առաջարկել «Անկարային այլեւս չընկալել որպես դաշնակից», եւ «վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»:
Հոլանդիայի «Ազատություն կուսակցությունն» ընդհանրապես գտնում է, որ «Թուրքիան չի կարող տեղ ունենալ ԵՄ-ում», հայտնում է BBC-ին: