Թուրքիայի ազգային փոքրամասնությունները վախենում են սոցցանցերում ազատ արտահայտվել

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների 80 տոկոսն ահազանգում է, որ չի կարող ազատորեն արտահայտվել սոցիալական մեդիայում, իսկ 35 տոկոսը տեղեկացնում է, որ այդ նույն հարթակում իրենք դառնում են ատելություն քարոզող խոսքի թիրախ:

Թուրքական Hurriyet Daily News-ը, այս մասին է վկայում Եվրամիության ֆինանսավորմամբ Յենիքյոյի Հույն ուղղափառ եկեղեցու իրականացրած հարցումը Թուրքիայի փոքրամասնությունների շրջանում, գրում է Արցախպրեսը:

Հարցումն անցկացվել է Թուրքիայի 746 քաղաքացու շրջանում, ովքեր ազգությամբ հույն, հայ, հրեա կամ ասորի են: Հարցվածների միայն 20 տոկոսն է ասել, որ սոցիալական մեդիայում ազատորեն արտահայտում է մտքերը, իսկ գերակշիռ մեծամասնությունը փաստել է, որ վախն ու մտահոգությունները թույլ չեն տալիս սոցիալական հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, YouTube-ը և Instagram-ը, լինել ազատ:

Հարցվածների 80 տոկոսն անհրաժեշտ է համարել Թուրքիայում իրավական մեխանիզմների մշակումը, որը տուգանք կսահմանի սոցիալական մեդիայում վիրավորանքի կամ խտրականության համար:

 

Scroll Up