Figaro. Բելգիայում թուրքական համայնքը Էրդողանի 5-րդ շարասյունն է

Բելգիայի թուրքական համայնքը նույնիսկ ավելի շատ է պաշտպանում Էրդողանին, քան հենց Թուրքիայում: Այս մասին գրում է ֆրանսիական Figaro-ն: Էրդողանի համար նրանք, բնականաբար, իր երկրի շահերն առաջ մղելու միջոց են, նշում է թերթը:

Ըստ News.am-ի՝ հոդվածում ասվում է.

«Էրդողանի օգտին հարյուրավոր թռուցիկներ եւ սթիքերներ են հայտնվել Բրյուսելի Սհարբեք եւ Սեն Ժոս շրջաններում, որտեղ խմբավորված է թուրքական համայնքը: Նրանց մեծ մասը երկրորդ եւ երրորդ սերնդի ներգաղթյալներ են, եւ կարելի էր սպասել, որ նրանց մեծամասնությունը հեռավորություն պիտի պահեր թուրք առաջնորդի իսլամիստական ավտորիտար ուղղությունից, սակայն դա այդպես չէ:

Վերջին ընտրություններում Բելգիայի թուրքական համայնքի 63 տոկոսը քվեարկել է Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին, մինչդեռ այդ քաղաքական ուժը Թուրքիայում ստացել է 49 տոկոս:

Բելգիայում թուրքական համայնքի ներկայացուցիչների ամուսնությունները տեղի է ունենում համայնքի ներսում: Բելգիայում երիտասարդ թուրքերից յուրաքնչյուր 3-ը չունի ոչ թուրք ընկեր, իսկ ներգաղթյալների մեծ մասն իրեն նախ ասոցացնում է Թուրքիայի, հետո միայն Բելգիայի հետ:

Նրանց մեծամասնության կողմից բացառվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Խորհրդարանի անդամ Մահինուր Էզդեմիրը, ով առաջին կինն է, որ խորհրդարանում նստել է գլխաշորով, հեռացվել է «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունից դրա համար: Եւս մեկ թուրք հայտնի գործիչ Էմիր Քըրը ստիպված է եղել լքել Սոցիալիստական կուսակցությունը: Տարբեր մակարդակների բազմաթիվ թուրք պատգամավորներից ոչ մեկը երբեւէ չի քննադատել Էրդողանի ռեժիմը: Հետեւաբար արժե հարցնել, թե արդյոք այդ քաղաքական գործիչները չե՞ն ներկայացնում սկզբում Թուրքիան, հետո նոր՝ Բելգիան: Էրդողանի համար նրանք, բնականաբար, իր երկրի շահերն առաջ մղելու ռազմավարության մի մասն են:

Միգրանտների հոսքի խնդրին բախված Եվրոպայի հետ հարաբերություններում Թուրքիայի նախագահը շահավետ դիրքում է: Միգրանտներին Թուրքիայի տարածքում տեղավորելու տարբերակը կարող է թանկ նստել. Պետք կլինի հսկայական աջակցություն ցուցաբերել Թուրքիային եւ Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտի ազատ մուտքի թույլտվություն տալ:

Այդուհանդերձ, դա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը գնալով ավելի իռացիոնալ է դառնում իր գործողություններում, իրավունք չի տալիս առաջարկել վերսկսել բանակցությունները՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցով: Եվրոպացիների ճնշող մեծամասնությունը ոչ մի գնով դա չի ցանկանում անգամ անորոշ հեռանկարում»:

Scroll Up