Հայաստանն ու Արցախը մասնակցում են լոնդոնյան միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամը զբոսաշրջային 6 ընկերությունների հետ համատեղ, 2015թ. նոյեմբերի 2-5-ը Լոնդոնում ներկայացնում են հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունը «World Travel Market 2015» ամենամյա միջազգային ցուցահանդեսին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ մեր երկրի զբոսաշրջային ընկերությունները մասնագիտացված հանրությանը ներկայացնում են Հայաստանի և Արցախի պատմամշակութային ու քրիստոնեական ժառանգությունը, զբոսաշրջային փաթեթները, այցելուներին տրամադրում են գովազդային նյութեր, քարտեզներ:
«Մեր մասնակցությունն այս հեղինակավոր ցուցահանդեսին նպատակ ունի խթանելու հայկական երկու պետություններ այցելող զբոսաշրջիկների թվի աճը, նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերին: Մենք կարևորում և աջակցում ենք նման ծրագրերի իրականացումը նաև Արցախի զբոսաշրջային հմայքը հավուր պատշաճի միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից, իսկ հաշվի առնելով Լոնդոնում հայկական թեմայի շնորհանդեսի հաջողությունը` առաջիկա տարիներին կարող ենք ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ակնկալել Հայաստանում և Արցախում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ոլորտի ավելի քան 50 հազար մասնագետներ: Ցուցահանդեսը հաջորդում է ոլորտի կարևորագույն միջոցառմանը՝ Մեծ Բրիտանիայի զբոսաշրջային թեմաներով գրող լրագրողների ընկերակցության ընթրիք-մրցանակաբաշխությանը, որն այս տարի ուղեկցվել է հայկական գինու, մշակույթի, խոհանոցի և զբոսաշրջային գրավչության շնորհանդեսով: Հատկապես այդ շնորհանդեսից հետո, ցուցահանդեսում հայկական տաղավարն ավելի մեծ ուշադրության է արժանացել եվրոպացի լրագրողների և տուրօպերտորների կողմից: