Լևոն Հայրապետյան. Սփյուռքը պետք է լայնորեն ներկայացված լինի հայաստանյան քաղաքական համակարգում

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը չի կարող հեռանալ Մոսկվայից եւ Մոսկվայի մարզից, քանի դեռ իր դեմ հարուցված քրեական գործը չի կասեցվել։

«Երկու ամիս ես մնացի բանտարկյալի վիճակում, հիվանդանոցում։ Ինձ բաց թողեցին, ոչ մի բան չգտան, հիմա ես ազատ եմ, մենակ իրավունք չունեմ Մոսկվայից գնալու եւ Մոսկվայի մարզից։ Ինձ բռնել են նրա համար, որ ես օգնել եմ ծախել «Բաշնեֆտ»-ը, իսկ օգնությունը հանցագործություն չէ։ Ճիշտն ասած՝ ես չեմ օգնել, ես դեմ էի», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայրապետյանը։

Գործարարը նշել է, որ հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը, ինքը կմեկնի Ղարաբաղ։ «Որ մենակ մեր գյուղը չաճի… կողքի գյուղերը, Մարտակերտի շրջանը եւ ամբողջ Ղարաբաղը», – ասաց Հայրապետյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու որոշմանը, Լեւոն Հայրապետյանն ասաց, որ դրական է վերաբերվում դրան։ «Ընդհանրապես սփյուռքը պետք է լայն ներկայացված լինի հայաստանյան քաղաքական համակարգում, քանի որ նաեւ արտերկրից եկող փոխանցումների հաշվին է այսօր ապրում Հայաստանը։ Աբրահամյանը կարող է հաջողության հասնել Հայաստանում», – ասաց Հայրապետյանը։

Scroll Up