Տավուշի Բաղանիս գյուղում հակառակորդի կրակոցներից տներ են վնասվել

Հոկտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանական գնդակոծությունից Տավուշի մարզի Բաղանիս գյուղում 12 տուն է վնասվել: Այս մասին տեղեկացրել է Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
Վնասվել են տների տանիքները, պատուհանների փեղկերը, ջարդվել՝ լուսամուտների ապակիները: Գնդակներից մեկը դիպել է գյուղապետարանի մուտքի դռանը, դռան ապակին ջարդվել է: Գյուղապետարանը հաշվել է վնասները, գրում է Aravot.am-ը:
Սահակյանը նաև տեղեկացրել է, որ այս պահին գյուղում հանգիստ է:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի բաժնից էլ տեղեկացրել են, որ հանգստյան օրերին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրել են անկանոն բնույթ՝ տարբեր տրամաչափի հրազենից, գրում է Tert.am-ը:
ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը:
Սեպտեմբերի 24-ին հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։
Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։