Թուրք մտավորականի «Որովհետև հայ են» գիրքը՝ հայերենով
Թուրք հայտնի մտավորական Փընար Սելեքի «Որովհետև հայ են» գիրքը լույս է հայերենով: Գրքում հիմնականում հեղինակի տեսակետն է Հայոց ցեղասպանության, դրա վերաբերյալ թուրք հանրության մոտեցման մասին, գրում է armradio.am-ը: Նշենք, որ գրքի ֆրանսերեն տարբերակի շնորհանդեսը տեղի էր ունեցել դեռ փետրվարին՝ Ստրասբուրգում:
Փընար Սելեքը Երևանում է, և այսօր հանդիպել է լրագրողներ հետ: «Գրքում ես գրել եմ, թե ինչ է նշանակում լինել հայ՝ Թուրքիայում, ինչ է նշանակում ժխտողականություն, որն այս երկրի գաղափարական առանցքն է կազմում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է թուրք մտավորականը:
Փընար Սելեքը 1998 թվականին մեղավոր էր ճանաչվել Ստամբուլի եգիպտական շուկայում տեղի ունեցած պայթյունի գործով, սակայն 16 տարի անց Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը նրան արդարացրել էր: Մարդու իրավունքների համար պայքարող մտավորականն իր հայրենիքում բազմիցս ենթարկվել է բռնությունների և հետապնդումների, քաղաքական հալածանքների արդյունքում այժմ ապրում է Ֆրանսիայում:
2015-ի փետրվարին Ստրասբուրգում տեղի ունեցավ թուրք սոցիոլոգ, ֆեմինիստ և գրող Փընար Սելեքի «Որովհետև հայ են» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, դրա վերաբերյալ թուրքերի վերաբերմունքի, երկխոսության, Թուրքիայում հայկական և քրդական հարցերի շուրջ տարբեր մոտեցումների մասին: Գրքում անդրադարձ է կատարվել նաև Հրանտ Դինքի սպանությանը նախորդած ու դրան հաջորդած իրադարձություններին: «50 տարի շարունակ ես կարդացել եմ բազմաթիվ գրքեր Հայոց ցեղասպանության մասին, սակայն Փընար Սելեքի գիրքն ինձ իսկապես ցնցեց, դրա համարէլ որոշեցի այն թարգմանել և Սելեքին հրավիրել Հայաստան»,-ասում է ֆանսահայ Մանուկ Փամուկչյանը, ով Սելեքի գրքի հայերեն թարգմանության հեղինակն է:
«Իմ գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով, բայց հայերեն հրատարակությունը բոլորվին այլ բան է»,-Երևանում խոստովանեց թուրք գրողը:
«Պատասխանատվություն է վկայախոսելը, ասելը՝ ես տեսել եմ, լսել եմ, ապրել եմ: Այդ պատասխանատվությամբ է, որ գրում եմ այսօր, որպեսզի ասեմ, որ խորապես զգացել եմ այն աղետալի հետևանքները, որ դեռ կենդանի են ցեղասպանությունից խեղված հողի վրա: Չնայած, որ մեծացել եմ ազգայնական մոլուցքից զերծ մթնոլորտում, չափազանց ուշ եմ բախվել 1915 թվականին Թուրքիայում հայերի բնաջնջման հարցին: Դա, բնականաբար, ինձ վերաբերում է: Հանուն ճշմարտության մղվող պայքարից ավելի թանկ բան լինել չի կարող»,-գրում է Սելեքը գրքի նախաբանում:
Իսկ այսօր նախոստովանեց, որ գիրքը գրելու բուն շարժառիթը Թուրքիայում ապրող իր հայ ընկերներն էին, որոնք այսօր կենդանի չեն և մահացել են ոչ իրենց մահով: «Այդ ընկերներս այսօր չեն կարող խոսել և ես խոսում եմ նրանց փոխարեն»,-ասում է Սելեքը:
«Ինքս էլ խնդիր ունեմ արդարության հետ և իմ սեփական պայքարն եմ մղում արդարության համար, դրա համար էլ գիտեմ, թե որքան կարևոր է յուրաքանչյուր վկայություն արդարության հասնելու համար: Ես կոտրեցի այն ակնոցները, որոնք հագցրել էին իմ աչքերին և իմ սեփական աչքերով կարողացա տեսնել ավելին: Փընար Սելեքը հավելում է.«Հավատացեք, որ ես միայնակ չեմ, ես ներկայացուցիչն եմ մի ամբողջ սերնդի, որն այսօր հարցականի տակ է դնում բազմաթիվ ճշմարտություններ, որոնք մեզ սովորեցրել են Թուրքիայում»: