Այսօր Հակոբ Կարապենցի մահվան օրն է

Սփյուռքում մեծ ճանաչում ունեցող, սակայն հայրենիքում, ցավոք, գրեթե անհայտ անուն է ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԸ (Երկար տարիներ Հակոբ Կարապենցը եղել է «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի հայկական բաժնի տնօրեմը, որի պատճառով Խորհրդային Հայաստանում դասվել է «ոչ յուրայինների» շարքը եւ նրա գրականությունը մուտք չի ունեցել Հայաստան)։

Գեղարվեստական արժեքները գնահատելու մեր սահմանափակ, միակողմանի չափանիշները, գաղափարական նեղ նախապաշարումները մինչեւ այսօր Կարապենցին դուրս են թողել հայ գրականության ընդհանուր հոսանքից՝ մեզ զրկելով զգացմունքային ու փիլիսոփայական խորքով, բացառիկ նուրբ դիտողականությամբ, գունեղ մտածողությամբ, 20-րդ դարի մենակ, մոլոր մարդու տագնապներին ու տառապանքներին դիպնող իսկական գրականությունից:

Սույն հոդվածը, որ հայրենի մամուլում տպագրվող հրապարակային առաջին փորձն է՝ չասենք վերլուծելու, գոնե խոսել-մտորելու Կարապենց գրական երեւույթի, նրա հիմնական ասելիքների շուրջ, ելակետ է ընդունում «Գրականությունն ինքը գրողն է» սկզբունքը, քանի որ հայտնի է, թե գրականությունը ոչ այլ ինչ է, քան գրողի դիրքորոշումը, ինքնադրսեւորումը, աշխարհայացքը, գաղափարախոսությունը, վերաբերմունքը աշխարհի, կյանքի ու նրա բազմազան երեւույթների նկատմամբ:
«Հայ գրող եւ ամերիկացի խմբագիր, Պարսկաստան ու Ամերիկա եւ դրանց արանքում մի տասնյակ երկրներ, իսկ զենիթում՝ Հայաստան՝ առանց հասնելու, առանց պատկանելու, ինչպես անտեր մնացած նավ՝ լերկ ժայռուտի երախում»:
Ահա Կարապենց մարդու եւ գրողի իր իսկ տեղորոշումը, երկատված մի կացություն, որով պայմանավորված են նրա հոգեկան ու ստեղծագործական ողջ տառապանքն ու փնտրտուքները, անպատկանելիության զգացումի ողբերգականությունը, որով ներծծված են նրա բոլոր ստեղծագործությունները՝ առաջին՝ «Անծանոթ հոգիներ» պատմվածքների ժողովածուից մինչեւ վերջինը՝ «Ամերիկյան շուրջպարը»:
Կարապենցը հեղինակ է վեց ժողովածուների՝ «Անծանոթ հոգիներ» (1970 թ.), «Կարթագենի դուստրը» (1972 թ.), «Նոր աշխարհի հին սերմնացանները» (1975 թ.), «Միջնադար» (1981 թ.), «Ադամի գիրքը» (1983 թ.), «Ամերիկյան շուրջպար» (1986 թ.), եւ «Անկատար» (1987 թ.)*:

Եւ այս բոլոր ժողովածուներում նրա գաղափարախոսությունը, դիրքորոշումը, ստեղծագործության հիմնական ատաղձը հայրենասիրությունն է, հայրենի հողի եւ ազգային պատկանելության զգացումի անհրաժեշտությունը: Նրա գրականության հիմնական հերոսը Հայն է՝ աշխարհասփյուռ Հայը, իսկ ձգտումների ու երազների կիզակետում Հայաստանն է, որ միավորում, ի մի է բերում նրա բոլոր երկպառակտությունները, հոգեկան վիճակները, ապրումներն ու ներհակությունները: Գրողի հերոսների հոգեբանական բոլոր հանգույցներում, դեգերումների բոլոր խաչմերուկներում ծառանում են նախնյաց պատկերն ու հիշողությունը, հայ ժողովրդի պատմությունը, Հայաստան երկիրը՝ որպես արյան ձայն, պահանջ, լինելիության պայման: Այդ հերոսներն իրենց մեջ կրում են հայ լինելու տառապանքը, տառապանքի հետ՝ անորոշ տագնապները, իրենց ապրած երկրներում այլ լինելու տանջանքը, որբության անուրախ գիտակցությունը եւ մեծ, անսահման մեծ կարոտը առ այն ամենը, ինչը հայկական է, ինչը հայ ժողովրդի անցյալն է: Այդ կարոտը հանգիստ չի տալիս նրանց՝ բաց վերքի պես տնքում է նրանց հոգում ու զգայարաններում, գիտակցության եւ ենթագիտակցության մեջ: Ու առանց այդ հիշողության, առանց այդ կարոտի, առանց Հայաստանի ամայանում է աշխարհը նրանց համար, դառնում անիմաստ, անդեմ, կոտորակվում է կյանքը, քանդվում է ժամանակը, բեկվում է միտքը:

Պատկերելով ժամանակակից սփյուռքը իր տագնապներով, վտանգված ապագայով՝ գրողն արծարծում է ոգու եւ լեզվի, հողի եւ հայրենիքի կենսական հարցերը՝ կարեւորելով դրանք որպես գոյատեւման հիմնահող:
«Այլ նյութ չկա,- գրում է Կարապենցը,- այլ նյութ չի՛ կարող լինել, երբ տակավին չի գրվել հայի հոգու պատմությունը»:
Ահա ուրեմն Կարապենցի ստեղծագործությունը հայի հոգու պատմությունն է, նրա ցավն ու կարոտը:
———————————-
* 1992-ին Բոսոտոսում հրատարակվել է Կարապենցի վերջիս ժողովածուն՝ «Երկու աշխարհ, գրական, փորձագրություններ» խորագրով:
———————————-
Եւ արցունքոտվելու չափ հուզիչ են այն անընդգրկելի սերն ու քնքշանքը, որ թրթռում է Կարապենցի ստեղծագործություններում հայ մարդու հանդեպ, մասնավորապես այնպիսիների, որոնք ապրում են երկու աշխարհների արանքում, իրենց մեջ խտացած պահելով մի ուրի՛շ աշխարհ՝ անցյալի հիշատակներով, մոռացվող, անհետացող առասպելներով ու հեքիաթներով լեցուն: Եւ նա ուղղակի պաշտում է ժառանգականություն կոչվող հրաշք երեւույթը, երբ պապի կյանքը, հիշողություններն ու երգերը, որ անհետանալու եզրին էին՝ հանկարծ ծնունդ են առնում թոռան մեջ, հույս ներշնչելով մեզ, թե աշխարհի ամենադժվար անկյուններում էլ ապրելու է հայ ոգին, հայ երգը, թե շարունակվելու են մեր պապերի երազներն ու հեքիաթները ու կյանք են առնելու նրանց կարոտները: Այս գաղափարները թափառում են Կարապենցի բազմաթիվ ստեղծագործություններում, սակայն բացառիկ հուզականության են հասել «Որդի՝ անունը Մայքլ» հրաշալի պատմվածքում: Պապի մահից հետո ամայացել էր աշխարհը Մայքլ թոռան համար, պապի մահով թոռան մեջ էլ ինչ-որ բան մահացել էր, ու նա հաճախ գերեզման էր գնում հավատարմության խոստում տալու պապին, թե «իր հետ կտանի Մեծն Կյուրեղին մինչեւ աշխարհի ծայրը, կկանգնի քաղաքների հրապարակներում ու բարձրաձայն կհայտարարի, որ Կյուրեղը միակ ճշմարիտ մարդն էր բոլոր մարդկանց մեջ, որ նա սեբաստացի էր, որ նա մի գիշեր տուն եկավ, նստեց բազկաթոռին ու մահացավ երգը շուրթերին»: Պապի ու թոռան միջեւ նման սրբազան հաղորդակցություն է տեղի ունենում նաեւ «Հրեղեն ձին» պատմվածքում. «Թոռն ուշադրությամբ զննեց պապի դեմքն ու լճացած աչքերը ու զգաց՝ Հայաստանը եկեղեցի լինելու է, մոմ, լույս ու բուրվառ ու տխուր շարական: Չէ՞ որ պապը ամեն կիրակի իրեն եկեղեցի տանելու ժամանակ այն հեռավոր ու օտար եկեղեցիների մասին էր պատմում:
Եւ հեռուների գաղափարը իր համար դարձավ «Հայաստան-եկեղեցի»:
Կարապենցի հերոսների մեծ մասի համար Հայաստանը ճիշտ այդպիսին է՝ եկեղեցի, հաղորդվելու սրբազան տաճար, ամենաուղղակի կապը մարդու եւ իր անցյալի միջեւ, վերջնական ճշմարտությունը, վերջին կայարանը:
«Ուր մնացին 1925 թվականին ծնվածները» ինքնակենսագրական պատմվածքում Կարապենցը գրում է. «Հպարտ էինք, որ Հայաստանը կա, որ եղել է ու լինելու է միշտ: Ուրեմն մի տեղ կա աշխարհում, որ մերն է, ուր այլ ցեղեր եկել-գնացել են, իսկ մենք կանք, որ մեր դրոշը ծածանվում է Արարատի ճակատին: Շուռ էինք գալիս, մի լավ թակում թուրք լամուկներին ու վառված սրտերով վառում աշխարհը, որն այն օրերին շատ անհասանելի էր: Մենք ի՞նչ իմանայինք, որ Հայաստանն ա յն օրերին ավելի անհաս էր. փակել էին դռները ու մեզ թողել դուրս: Ել իրենք վայելում էին Հայաստանը: Եւ այդպես, դռան ետեւ մնացինք որբ: Որբ մնացինք մեր ամբողջ կյանքում…»:
Տխուր, շատ տխուր է կարդալ այս տողերը: Ընդհանրապես, գրողի հոգում եւ ողջ գրականության մեջ որպես բաց վերք ուղղակի մղկտում է հայրենիքի կարոտը, նրա զավակը լինելու տառապագին մղումը, վիրավոր ու ողբերգական որբությունը:
Հենց որբության, անպատկանելիության տանջալի գիտակցությունն էլ հաճախ գրողի ստեղծագործություններում թանձրացնում են մռայլ գույները, ծայրահեղ հուսահատության հասցնելով նրա շատ հերոսներին: «Ամերիկան այլոց համար է,- գրում է նա «Ադամի գրքում»,- ես չունեմ իմ տունը: Ես փաստորեն ոչինչ ունեմ…
Այս փողոցներն ինձ չեն պատկանում, այս երգերն ինձ չեն պատկանում, այս լեզուն ինձ չի պատկանում: Այս կործանված աշխարհում ոչինչ ինձ չի պատկանում»:

Ու նա մնում է հավիտենական օտարական՝ անծանոթ հոգիների մեջ, անհող ու անհանգրվան, միշտ իր արմատների, այս երկրի վրա իր իսկական տեղը գտնելու որոնումի տառապագին ցավը սրտում: «Այնպիսի անանուն կարոտ ունեմ այդ երկրի նկատմամբ, որ ուղղակի այրում է հոգիս… Երանի այնտեղ ծնված լինեի, երանի ես՝ ես չլինեի, այլ Արարատի շուքի տակ հասակ նետած պարզ մի գեղջուկ, ականջալուր հայրենի հողի ձայնին եւ ականատես՝ իմ ժողովրդի վշտին ու երջանկությանը… Սակայն ուշ է այլեւս, այնքա՜ն ճանապարհներ եմ քայլել, այնքան կամուրջներ թողել թիկունքիս, որ այլեւս կորցրել եմ վերադարձի ճամփան»,- հուսահատ ասում է «Վերջերս ով է գնացել Հալիֆաքս» պատմվածքի հերոսներից մեկը՝ ջութակահար Արմեն Ղուկասյանը եւ ինքնասպանությամբ վերջ տալիս իր մենակ, մոլոր, անիմաստ, երկատված կյանքին:
Նման հուսահատ վախճան են ունենում Կարապենցի նաեւ այլ հերոսներ, որոնք Հայաստանը սիրում են միակողմանի, անել, ձախող սիրով ու չգտնելով այլ ճանապարհ՝ վերջ են դնում իրենց կյանքին: Կարապենցը ըմբոստորեն մերժում է հայրենաթողությունը եւ ամբողջ հոգով ատում է «սփյուռքահայ» արտահայտությունը՝ իր հերոսներին մղելով վերագտնելու, արմատներին վերադառնալու, իր ժողովրդի մասնիկը լինելու, առ Հայաստանն ունեցած կարոտի ձայնին անսալու գերագույն նպատակին:

Սակայն Կարապենցի հայրենասիրությունը չի առաջնորդվում «կույր սիրո» օրենքներով: Այդ սերը զգաստ ու սթափ է, երբեմն իրարամերժ զգացումներից գոյացած: Նրա ողջ ստեղծագործությունը մի անվերջանալի, անավարտ երկխոսություն է իր եւ իր, իր եւ շրջապատի միջեւ, երկխոսություն, որտեղ ժխտելով ու հաստատելով, վիճելով ու հաստատելով, մերժելով ու ընդունելով նա հանգում է մեն ու միակ ճշմարտությանը՝ առանց հայրենի հողի չեն կարող հարատեւել մեր ձգտումները, որ հայի հայրենասիրության վերջնակետը ապուպապերի ժառանգությանը տեր կանգնելն է, հայրենի հողում՝ տվյալ դեպքում Արարատի հայացքի ներքո փռված այս 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքում ապրելը:

Հակոբ Կարապենց, Դոնարա Ղարադյոդյան, Անահիտ Օշական (Հակոբ Օշականի դուստրը), Սեյրանուհի Գեղամյան, 1990 թ. Երեւան
Ահա դարձյալ մի հատված «Ադամի գիրքը» ինքնակենսագրական վեպից, որ լավագույնս կարող է ամբողջացնել Կարապենցի թե՛ գաղափարախոսությունը, թե՛ աշխարհայացքը, թե՛ դիրքորոշումը: Վեպի հերոսը՝ ամերիկյան խմբագիր Ադամ Նուրյանը, Նյու Յորքի Միացյալ ազգերի հրապարակում պատահաբար ներկա է լինում թուրքական դեսպանատան վրա հայ ահաբեկիչների հարձակմանը: Որպես դեպքի վայրում գտնվող հայ, ձերբակալվում է եւ ահա թե ի՛նչ խոսակցություն է տեղի ունենում նրա եւ ոստիկանապետի միջեւ:
«Ոստիկանապետ.
— Ի՞նչ է ձեր դիրքը Խորհրդային Հայաստանի նկատմամբ:
— Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի հայրենիքն է,- հաստատակամորեն պատասխանում է Ադամ Նուրյանը:
— Իսկ ձե՞ր ինչպես…
— Իմ էլ հայրենիքն է այնպես, ինչպես Իռլանդիան ձեր հայրենիքն է:
— Սակայն կարգերը խոտոր չե՞ք գտնում ձեր ժողովրդավարական սկզբունքներին:
— Կարգերը ծանր են, հաճախ խիստ, երբեմն դաժան, սակայն իմ ժողովուրդը ապահով է, այսպես ասած պատմականորեն երկար շունչ է քաշում…: Եւ հետո,- շարունակեց Նուրյանը,- ժողովուրդն այլեւս հասունացել է, ինքնավստահություն է ձեռք բերել եւ որ ամենակարեւորն է՝ իր սեփական ուժերի վրա է հենվել, գիտակցելով, որ իր փրկությունը իր անմիջական հարեւան ժողովուրդների հետ գոյակցելու մեջ է, որ օտար պետությունները միայն իրենց ազգային շահերից են առաջնորդվում՝ պատրաստ լքելու քեզ, երբ այդ է պահանջում իրենց շահը»:

Առհասարակ «Ադամի գիրքը» Կարապենցի հավատո հանգանակն է, կենսագրական լինելուց առավել՝ նրա հոգու գիրքը: Նա լիովին անկեղծ է իր եւ գրականության առջեւ: Եւ հստակորեն գիտակցում ու ողբում է այն ճշմարտությունը, որ ինքը հայրենիքը դիտում է կողքից՝ որպես օտարական, որ «պատմությունը եկել էր ու անցել, իսկ ինքը մնացել էր անդեր»: «Այս մարդիկ քար են տաշել, քարը քարի վրա դրել: Այս մարդիկ սեր են սիրել, երեխա ծնել: Այս մարդիկ հողին են կառչել, հողը պահել: Այս մարդիկ ցավ են տեսել, ցավի հետ ամրացել, գրանիտ դարձել: Այս մարդիկ բռնել են կյանքի պոչից, թափ տվել ու մարդ մնացել»:

Այո, Կարապենցի սերը իրական է, ոչ միայն հոգեկան հայրենիք, այլ առաջին հերթին հողեղեն հայրենիք, որը պատրանք չէ, այլ իրականություն ու աշխատանք, առօրյա հաց ու պատսպարան, որտեղ թեպետ պատշաճ նյութական հնարավորություններ ու հարմարություններ չկան, բայց կյանքն ավելի պարզ է, ավելի մարդկային:
«Այսօր Հայաստանը համայնավարական է,- գրում է Կարապենցը,- համայնավարությունը բերել է լավ ու վատ բաներ: Լավը մարդկային է, վատը պետք է մարդկայնացնել, որպեսզի մարդը կարողանա ազատագրել իր հողն ու հոգին, որպեսզի որբ չմնա Հայաստանը…»:
Պահպանել լավը, մարդկայինը, մարդկայնացնել վատը, եւ մի՞թե այսօր այս մասին չի խոսվում ու գրվում մեր երկրի ամենաբարձր ատյաններից: Այսպես իրատեսորեն Կարապենցը խոսում է նաեւ մեր կյանքը աղճատած, մեր պատմությունն ու հոգիները եղծած Ատալինի մասին: «Ո՞վ ասաց, թե քաղաքները չեն մեռնում» պատմվածքի հերոսը հանկարծ անդրադառնում է, որ երգ չկա, որ վաղուց երգ չի լսել: «Բթացել է աշխարհը, փախել է երեւակայությունը, մարդիկ խրտվիլակների են վերածվել, իսկ առաջնորդները ոչ երազ ունեն, ոչ էլ բանաստեղծություն: Ստալինը ապականեց աշխարհը: Նրանից հետո տափակացել է մարդկությունը, մտել անասելի մի քառակուսիի մեջ…»,- սարսափած խորհում է նա:
Առհասարակ, Կարապենց գրողն ու քաղաքացին, մարդն ու հայը ժխտում, մերժում է մեր երկրի, մեր կյանքի ստվերոտ կողմերը՝ ինչպիսիք են պարապ կարգախոսները, պատմությունը միակողմանի ներկայացնելու միտումը, հոգու նեղմտությունը: Մի խոսքով այն ամենը, ինչի մասին դարձյալ այսօր խոսվում ու գրվում է մեր ամենաբարձր ատյաններից, ինչի դեմ պայքարի են ելել մեր երկրի բոլոր ազնիվ քաղաքացիները: Նույնպիսի ազնիվ, շիտակ հայացքով գրողը նայում է ամերիկյան իրականությանը, երբեք չգունազարդելով, չբացարձականացնելով այն, որտեղ մարդը մենակ է բազմաթիվ իրպեսների շրջապատում: Ամեն մարդ ապրում է իր կյանքը՝ ինքնամփոփ, անհաղորդ մնացածների վշտին եւ երազներին, ապրում է մեկուսի՝ որպես հեռավոր ու մենավոր կղզի, տառապելով ոգու սովից:

«Դեռ չեմ հաշտվել Ամերիկայի հետ ու վախենում եմ, որ երբեք չկարողանամ հաշտվել,- գրում է նա «Ադամի գրքում»: -Մշակութային կազմության հարց է, ինձ թվում է, որ արհեստական արժեքների մի աշխարհ եմ ընկել, ուր չեմ կարողանում գտնել ինձ»:
Գրողն ու իր հերոսները աշխարհի բոլոր վայրերում էլ մաքառում են հանուն մարդու երջանկության, հանուն զգացմունքների անաղարտության, բոլոր տեսակի քարացած հաստատությունների ու ժանգոտած վարդապետությունների դեմ:
Ընդհանրության մեջ Կարապենցի ստեղծագործությունները մարդկային սրտի եւ մարդկային զգացմունքների հավերժական թեմաների մասին են, հնարովի, սուտ պատմություններից, կեղծ զգացմունքներից, խաբկանքներից զերծ՝ իսկական արժեքների, մարդկային գոյի հիմնական իմաստի, մեծ մարդասիրության, պատկանելիության կենսական հարցերի մասին, թե ի՞նչ անենք, որ մարդը շարունակի գոյատեւել որպես մարդ, որ չհոշոտի իրպեսներին, որ որդիներն անպայման ձգտեն հասկանալ հայրերին, իմանան, թե ինչ էին ուզում ասել նրանք, որ գիտությունը խաղաղությանը ծառայի եւ արհավիրքի խելագար զենքերը մամռոտեն ու ժանգոտեն: Նա տագնապում է օրեցօր ավելի ու ավելի մեկուսացող, ինքն իր մեջ ներփակվող միայնակ, մոլոր ու վիրավոր մարդու համար: Տագնապում ու խորապես սիրում է նրան, ուզում է սփոփել, օգնել, որբերի ու միայնակների եղբայրն ու ընկերը լինել: «Ինչի՞ համար են թանգարաններն ու լույսի կաճառները, երբ մարդը տակավին մարդ է սպանում»,- գրում է նա: Հոգի բզկտող այդ հուսահատ ճիչը առավել հնչեղ է «Կարթագենի դուստրը» վեպում, ուր նա գրում է նաեւ վիետնամական պատերազմի մասին: Անգամ համաշխարհային գրականության մեջ թերեւս քիչ էջեր կարող են հանդիպել, որոնցում այսքան ամբողջական վեր հանված լինեն վիետնամական պատերազմի, առհասարակ պատերազմների ողբերգություններն ու սարսափները, երբ ռումբը բզկտում է ոչ միայն մարդու մարմինը, այլ առավելաբար նրա միտքն ու հոգին:
«Պատերազմում բոլորը ինչ որ ձեւով մեռնում են,- եզրահանգում է հեղինակը,- թե՛ սպանվածները, թե՛ վերադարձողները, թե՛ հաղթականները եւ թե՛ պարտվածները»:

Կարապենցի ստեղծագործությունները ձգտում են մարդկայնացնել մարդուն, փորձում են ցույց տալ, որ կյանքում առանց զգացմունքի ջերմության, առանց բանաստեղծության՝ ուժը միայն չարիք է ծնում, որ գեղեցիկի մեջ է անմահությունը, որ պատմության, քաղաքականության ամբողջ անցուդարձի նպատակը պետք է մարդը լինի, որ մարդն է սկիզբն ու նպատակը աշխարհի, որ մարդով է անմահանում կյանքը, որ որբի մի կաթիլ արցունքն ավելին արժե, քան ամբողջ քաղաքակրթությունները:

Անշուշտ, խոսելով Կարապենցի գրականության նյութի մասին, անկարելի է չասել, որ այդ նյութը նա կարողանում է դնել պատմվածքի ու նորավեպի դասական ըմբռնումին համապատասխանող ձեւի մեջ, դինամիկ զարգացումով եւ գեղարվեստական կուռ մտածողությամբ, գրելով պարզ, հստակ ու գեղեցիկ լեզվով, բառային ամենաճշգրիտ ձեւակերպումների ենթարկելով մարդկային ամենադժվար բացատրելի զգացումները, ներքին փոթորիկները:
Նրա գրական արժանիքներից մեկն էլ կերպարներ ստեղծելու բացառիկ տաղանդն է: Նրա բոլոր հերոսները կատարյալ անհատականություններ են, բացարձակապես անկրկնելի, իրական, հախուռն, հարազատ ու սիրելի, որոնց ցավը ժայթքում է մարդկության վիրավոր սրտից, դարի ու ժամանակի հարաշարժ հոլովույթի մեջ: Մեծն Կյուրեղը, Իշխան Փիլիպոսը, Սոսկալի Սահակը, օրիորդ Անթառամը, Գոնսուլ Առաքելը, Հովնանը, Մարտիրոսը, Ալմիրան, Ռալֆը, Ադամ Նուրյանը, Զելդան դառնում են ընթերցողի ծանոթը, ընկերը, նրան ներքաշելով իրենց ապրած աշխարհը, դարձնելով իրենց անձնական փոթորիկների, փլուզումների, տառապանքների մասնակիցը:

Լրագրային հոդվածի հնարավորությունների սահմաններում ամենաընդհանուր գծերով ներկայացնելով Հակոբ Կարապենցի գրականությունը, նրա հիմնական ասելիքները, ուզում ենք հուսալ, որ մոտ ապագայում գրականագիտական առավել բազմակողմանի ու մանրազնին դիտարկումների կենթարկվեն Կարապենցի ստեղծագործությունները եւ, որ ավելի էական է, դրանք կհրատարակվեն իրենց ամենաբնական վայրում՝ հայրենի հողի վրա, հայրենի ժողովրդի համար:
Հ. Գ. 1993թ. «Արեգ» հրատարակչության նախաձեռնությամբ Հայաստանում լույս տեսավ Կարապենցի «Ամերիկյան շուրջպար» պատմվածքը՝ տողերիս հեղինակի առաջաբանով: Այդ ժամանակ, ավա՜ղ, Կարապենցն արդեն անբուժելի հիվանդությամբ գամված էր անկողնուն, եւ այդպես էլ չիմացավ, որ 1995թ. «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց նրա ստեղծագործությունների «Հատընտիրի» 1-ին հատորը:

Այնուհետև, իմ առաջաբանով հրատարակվեց նրա Պատմվածքների ժողովածուն, ապա «Ադամի գիրքը» վեպը: Երանի այդ մասին նա երկնքում իմանար:

«Հայրենիքի ձայն», 26 հուլիսի, 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

Scroll Up