Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակության երկօրյա այցը Թբիլիսի

2015 թվականի հոկտեմբերի 13-14-ին, պաշտոնական այցով Թբիլիսիում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Էջմիածնի պատվիրակությունը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Բարձրաստիճան հյուրերը ժամանել էին ներկա գտնվելու Վրաստանի մայրաքաղաքի ավանդական «Թբիլիսոբա» տոնին նվիրված «Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը նախաձեռնել էր «Հայարտուն» կենտրոնը Թեմի առաջնորդարանի աջակցությամբ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է armenianchurch.ge-ից:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և փոխքաղաքապետ Նորիկ Միրզախանյանը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ և Մցխեթայի քաղաքապետի հրավերով, հոկտեմբերի 14-ին,Վրաց Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր կենտրոնում մասնակցեցին Սվետիցխովլոբա տոնակատարությանը:
Հայոց հոգևոր կենտրոնից ժամանած պատվիրակության անդամներին ընդունեց Մցխեթայի քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիծվերիձեն: Կայացած զրույցի ընթացքում երկու քաղաքների ղեկավարները քննարկեցին փոխհարաբերությունների խորացման հարցերը և երկու ժողովուրդների հոգևոր կենտրոնների համագործակցության հեռանկարները:
Այցի շրջանակներում Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակության անդամները այցելեցին Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանը և իրազեկվեցին գործերի ընթացքին: Այնուհետև հյուրերը դիտեցին վերանորոգված «Սուրբ Գևորգ» եկեղեցին, որի վերաօծումը կատարվելու է օրերս և առաջնորդարանը: Քաղաքապետարանի պատվիրակության անդամները եղան Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում և ծաղիկներ խոնարհեցին հայոց մեծաց մեծերի տապանաքարերին:
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, պատվավոր հյուրերը մասնակցեցին «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված «Էջմիածնի նկարիչները Թիֆլիսում» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ողջունելով երկու ժողովուրդների մշակույթների մերձեցմանը նվիրված ցուցահանդեսի բացումը Թբիլիսիում, պատրաստակամություն հայտնեց վրաց հոգևոր կենտրոնի նկարիչների ցուցահանդես կազմակերպել Էջմիածին քաղաքում: