Արցախյան հուշեր, հանդիպումներ, մտորումներ…

Այս տարվա սեպտեմբերի 16-20-ը երրորդ անգամ այցելեցի Արցախ՝ ընկերակցությամբ Վարդան Սիմոնյանի, Գոռ Վարդանյանի և Հովիկ Գևորգյանի: Մնացինք Shushi Grand Hotel հյուրանոցում, որը կառուցել է մարզարվեստի հանրածանոթ վարպետ Կարո Քեբաբջյանը:
Կարոն 1978-ին Մեքսիկո քաղաքում արժանացել է «Քունֆուի աշխարհի հաղթող» դափնեպսակի: Ներկայում նա Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ-դեսպանն է Միջին արևելքում: Բացի արդիական հարմարություններից, Shushi Grand Hotel հյուրանոցն ունի հայաշունչ մթնոլորտ, ուր աշխարհի տարբեր երկրներրից ժամանած հայեր իրար հետ բարեկամանալու առիթ են ունենում՝ շնորհիվ Կարոյի ազնիվ տիկնոջ՝ Սիլվա Քեբաբջյանի ջանքերի: Նա ամեն առավոտ իրեն հատուկ գրավիչ ժպիտով և ջերմությամբ նախաճաշի սրահում հավաքված հայ հյուրերին ծանոթացնում է իրար:
Մեր՝ Արցախում գտնված օրերին առիթ ունեցանք մի քանի անգամ տեսակցելու նախագահ Բակո Սահակյանի, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարուհի Նարինե Աղաբալյանի, պետական-հասարակական գործիչների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ:
Իմ նախորդ այցելությունը եղել էր 2007թ-ին, երբ Հ.Բ.Ը.Մ.ի 100-ամյակին նվիրված տոնկատարությունների եզրափակիչ հանդիսությունները տեղի ունեցան Հայաստանում և Արցախում: Վերջին ութ տարիներին ձեռք բերված հաջողությունները, հակառակ բազմաթիվ խոչընդոտների, ինձ համոզեցի, որ Արցախի ժողովուրդը վճռել է կառուցել համամարդկային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված հայաշունչ հայրենիք իր հերոս նախահայրերի արյունով սրբացած պապենական հողի վրա: Համոզումս ավելի ևս ամրապնդվեց Նախագահի հետ ունեցած իմ հանդիպումների ժամանակ:Նա որպես մարդ՝ պարզ, անկեղծ և անմիջական անձնավորություն է: Իսկ որպես պետական-քաղաքական գործիչ խոհեմ է, իմաստուն, աչալուրջ և իրատես:Հեռատես բառը չգործածեցի, որովհետև հեռատեսության մայրը իրատեսությունն է:
Նախագահը ամբողջությամբ նվիրված է իր հայրենիքին ու ժողովրդին:Նա մոտիկից հետևում է Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի հետ առնչված բոլոր հարցերին: Նրա ամենօրյա ուշադրության առարկան է բանակի և քաղաքացիների բարօրության խնդիրը:
*******
Նախագահի հետ առանձին եմ իր գրասենյակում: Նա ընկերներիս և ինձ հրավիրել է ընթրիքի:
«Պրն. Գյուզելյան, մի հեռախոսազանգի եմ սպասում, որից հետո կգնանք ընթրելու: Մեր սահմանապահ զինվորներից մեկը վիրավորվել է. սպասում եմ, որ ինձ զեկուցեն նրա առողջական վիճակի մասին:
Մինչ սպասում էինք զանգին, Նախագահն ասաց.
«Սովորություն ունեմ մինչև տուն գնալը կարդալ ստացված բոլոր նամակները: Այսօր ուզում եմ ընթերցել այդ նամակներից մեկը:
Նամակագիրը արցախցի տարեց մի մայր է, որը Բակո Սահակյանին դիմում է «Սիրելի Նախագահ ջան»-ով: «Ավագ որդիս, գրում է նա, զոհվել է պատերազմում: Փոքր տղաս վիրավորվել է ճակատում և հաշմադամ է. ունի չորս երեխաներ, որոնք վառելանյութի կարիք ունեն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, վառելանյութ ուղարկեք նրանց:
Ես հուզումս չկարողացա զսպել, և երկու կաթիլ արցունք գլորվեց այտերիցս: Նախագահը երբ նկատեց հուզումս, գուրգուրոտ ձայնով ասաց. «Արտասվեք, պրն.Գյուզելյան, արտասվեք. այն մարդը, ով ի վիճակի չէ արտասվելու, դժվար թե ուրիշի ցավը հասկանա»:
Ես այդ նամակում գտա արցախցի մոր` ինչո՞ւ չէ նաեւ ամեն գիտակից արցախցու արժանապատվության ու պատվախնդրության զգացումը: Որդեկորույս մոր ուզածը ո՛չ բնակարան է, ո՛չ էլ դրամ: Պարզապես՝ ութ մետր փայտ…
Հեռախոսը հնչեց: Նախագահին հայտնեցին, որ սահմանապահ զինվորը միայն ոտքից էր վիրավորված և կյանքին վտանգ չէր սպառնում:
«Հիմա կարողենք հանգիստ ընթրել»,-ասաց Նախագահը:
Նախքան գրասենյակից դուրս գալը, Նախագահը մի քանի փակ դուռ բախեց և իր աշխատակազմի յուրաքանչյուր անդամին «բարի գիշեր» մաղթելուց հետո միայն առաջնորդեց ինձ ճաշարան՝ առանց թիկնապահի:
Շուրջ երկու ժամ ընկերներս և ես ճաշակեցինք արցախյան համեղ կերակրատեսակներ և վայելեցինք Բակո Սահակյան Նախագահի և մեծատառով Բակո Սահակյան ՄԱՐԴՈՒ սեղանակցությունը հայաշունչ ու մտերմիկ մթնոլորտում:
*******
Մեր Արցախ կեցության ընթացքում մշակույթի և երիտասարդական հարցերի նախարարուհի Նարինե Աղաբալյանի ընկերակցությամբ այցելեցինք մշակութային, կրթական և արվեստի կենտրոններ: Անձրևոտ ու մշուշապատ մի օր էլ այցելեցինք Գանձասարի վանքը: Ի դեպ, այս կապակցությամբ հիշեցի բարոնուհի Քարոլայն Քոքսի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Լոնդոնում ունեցած ելույթից այն հայտարարությունը, ըստ որի՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանը Գանձասարի վրա բազմաթիվ ռումբեր է արձակել, որոնցից միայն մեկն է ընկել եկեղեցու վրա, բայց չի պայթել: Բարոնուհին այս իրողությունը վերագրում է նախախնամության միջամտությանը:
Սեպտեմբերի 17-19-ը տեղի ունեցավ «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը, որն արձանագրեց մեծ հաջողություն: մի շարք միջոցառումների շարքում ներկա գտնվեցինք նաև Paul Eluard Ֆրանսիական մշակութային կենտրոնում ֆրանսիահայ անվանի քանդակագործ Թորոս Ռաստկելյանի ՛՛Հավիտենականություն՛՛ արձանի, ինչպես նաև Եզնիկ Մոզյան արհեստանոցի բացնման արարողություններին, առաջինը՝ Ստեփանակերտում, երկրորդը՝ Շուշիում: Եզնիկ Մոզյանը ուսումը ստացել է Սևրի Մխիթարյան վարժարանում: Մահացել է 2009-թ.ին և շուրջ երկու միլիոն եվրո ժառանգություն է թողել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին: Կտակակատար Ռոբեր Այդաբիրյանի կարգադրությամբ այդ գումարով կառուցվել և արդիական սարքավորումներով է հարստացել Եզնիկ Մոզյան արհեստանոցը, ուր պատրաստվում են շինարարական արհեստի տարբեր ճյուղերի որակյալ մասնագետներ:Նախատեսվում է հաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ մոտ հազար շրջանավարտ՝ շինարարի մասնագիտությամբ:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության պատվին տրված ճաշկերույթ-համերգի ընթացքում առիթ ունեցանք լսելու և տեսնելու Արցախի տաղանդավոր երեխաներին, պատանիներին և երիտասարդներին, ովքեր իրեց երգով, նվագով ու պարով արժանանացան ներկաների որոտընդոստ ծափահարություններին և գնահատական բացականչություններին: Ի տես և ի լուր համերգի մասնակիցներին՝ համոզվեցինք, որ Արցախը, բացի հերոսներից, հարուստ է նաև արվեստագետներով:
Ինչպես նշել եմ ուրիշ առիթներով, Արցախը միշտ եղել է և մնում է Հայաստանի անբաժան մի մասը: Արդ, մենք՝ որպես հայ ժողովրդի զավակներ, պարտավոր ենք մասնակցել նրա վերելքի ու բարգավաճման հաշվին տարվող աշխատանքին ու պայքարին: Արցախը մեր դարավոր պատմության ընթացքում հայ ժողովրդին տվել է անհամար հերոսներ, որոնք իրենց արյունով պաշտպանել են Հայրենիքը և բամիցս փրկել նրան ֆիզիկական ոչնչացումից: Հույն պատմագիր Ստրաբոնը ակնարկելով ՛՛Օրխիստինէ՛՛-ին (Արցախ), ի միջի այլոց խոսում է նրա ռազմական հզորության մասին և ասում՝ «պատերազների ժամանակ Արցախը հանում է մեծաքանակ հեծելազոր»:
Դժբախտաբար այսօր հասկանալի պատճառներով Արցախը ի վիճակի չէ առանձին դիմագրավելու իր գոյությանն իսկ սպառնացող վտանգը: Իրողությունն այն է, որ Ադրբեջանն ունի անսահման հարստություն, որը պայմանավորված է նավթով, ¢ այդ իսկ պատճառով նա ունի հզոր դաշնակիցներ, որոնք զինում են նրան ամենաարդիական զենքերով:Իսկ մենք ինչպե՞ս պիտի կարողանանք դիմագրավել Արցախին սպառնացող վտանգը: Միայն ու միայն համազգային միասնական ուժով:
Տեղին է նշել, որ տարիներ առաջ՝ դեռ 1960-ական թվականներին, հետևելով իմ ազգանվեր ու հայրենասեր ուսուցչի, մեծ հայագետ, գրող ու հրապարակագիր Սիմոն Սիմոնյանի օրինակին, գրում ¢ հրապարակային ելույթներ էի ունենում ՛՛Համահայկական կենտոնական մարմին՛՛ստեղծելու անհրաժեշտության մասին: Այստեղ նպատակ չունեմ անդրադառնալու այդ ծրագրի մանրամասնություներին, բայց ուզում եմ նշել հետևալը միայն.այդ ծրագրում ընդգծված էր մի կետ, ըստ որի՝ առաջադրված մարմնի առաջնահերթ ծրագրերից մեկը լինելու էր առաջիկա 25-30 տարիներում գոյացնել պատկառելի մի հիմնադրամ, որը ի վիճակի կլինի հոգալ հայ ժողովրդի բոլոր կարիքները:
Արցախն այսօր ավելի քան երբեք կարիք ունի դրամի. նախ՝ իր գոյության սպառնացող վտանգը դիմագրավելու, ապա՝ հզոր հայրենիք կառուցելու համար: Արևմտյան պետություններն ու Ռուսաստանը պետք է հասկանան, որ Արցախի և Հայաստանի հզորացումը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության մեծագույն գրավականն է:
Այստեղ ուզում եմ հետևյալ գործնական առաջարկը ներկայացնել հայ ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի.տարին գոնե մեկ անգամ աշխարհի բոլոր հայաբնակ քաղաքներում կազմակերպել հասութաբեր ձեռնարկներ՝ ի նպաստ Արցախի Հանրապետության: Եթե տարիներ առաջ իրականությու դարձրած լինեինք համահայկական մի մարմին, այսօր այս առաջարկը ներկայացնելու կարիքը չէր չզգացվի:
Միջանկյալ նշեմ, որ այս հոդվածը գրեթե ավարտել էի, երբ The California Courier-ում կարդացի Հարութ Սասունյանի Pan-Armenian Council to Supersede Armenian Genocide Centennial Committee (Համահայկական Խորհուրդը փոխարինելու է Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակի Վարչությունը) ավետաբեր հոդվածը: ՛՛Ավելի լավ է ուշ, քան երբեք՛՛, ասում է ժողվրդական առածը, որ հավանաբար առնչված է թուրքական այն ասացվածքին, ըստ որի՝ ՛՛Գեվուրուն ախլը սոնրա գելիր՛՛ (Հայի խելքը ուշ է գալիս գլուխը:): ՛՛Զի ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ՛՛ (այն որ ականջ ունի լսելու՝ կլսի):
Ասատուր Գյուզելյան
Լոնդոն
Հոկտեմբեր 2015