Ջեֆրի Ռոբերթսոն. Հույս ունեմ՝ ՄԻԵԴ-ը կչեղարկի Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը

Բրիտանացի հայտնի իրավապաշտպան, փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը հույս ունի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կչեղարկի երեք ստոորադրյալ դատարանների՝ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դրած անպատասխանատու հայտարարությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով առաջիկա դատալսման շուրջ սպասելիքները կիսեց փաստաբանը:
Ռոբերթսոնի խոսքով, Հայաստանի կառավարության անունից ինքն այս գործով Ամալ Քլունիի հետ զբաղվել է, որպեսզի «հերքվի ցեղասպանության մասին այդ հիմար մեկնաբանությունը»:
Ռոբերթսոնը կարծում է, որ Փերինչեքի գործով դատարանի որոշումը մեծ նշանակություն չունի, եթե դատարանը չվճռի, որ խոսքի ազատությունը կարող է քրեորեն պատժելի լինել, եթե այն բռնության եւ ռասայական ատելության է հրահրում:
«Այդպիսի վճիռը հարված կլինի Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածին, որով Թուրքիայի շատ հայեր, այդ թվում՝ Հրանտ Դինքը, այդ երկրում պատասխանատվության են կանչվել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար»,- հայտարարեց Ռոբերթսոնը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում հրապարակային լսումների ընթացքում կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը:
Մեր երկրի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում են հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Ռամզի Քլունին, Թոբի Քոլիսը:
Հավելենք նաեւ, որ Հայաստանի գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ստրասբուրգում է: