Ժորժ Մարտին. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բարդ է, բայց ոչ անհնար

Այս պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ապահովելը բարդ է, բայց դա չի նշանակում, որ անհնար է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետական քարտուղարի օգնական Ժորժ Մարտինը:
« Նշանակություն չունի, թե մենք ինչ ենք մտածում, կարեւորն այն է, որ գործընթացին ներգրավված երկրները առաջ շարժվելու ցանկություն ունենան: Մենք ուզում ենք օգնել: Ցյուրիխյան արձանագրությունները փակուղի չեն մտել, դրանք արգելափակված չեն: Մենք կարծում ենք, որ կողմերը բավականին դրական արդյունքի են հասել: Հիմա արձանագրությունների իրականացումը երկու կողմերի քայլերից է կախված»,- ասել է նա:
Ի պատասխան այն դիտարկման, որ Հայաստանը պատրաստ էր կյանքի կոչել այդ արձանագրությունները՝ Ժորժ Մարտինը շեշտեց. «Ես գիտեմ, բայց պարելու համար երկուսն են պետք: Անհրաժեշտ է, որ երկու երկրներն էլ ցանկանան միասին շարժվել: Պատմությունը վայրկենական երեւույթ չէ, ու երբեմն մենք ստիպված ենք շատ երկար սպասել: Բայց մենք ուզում ենք օգնել ու ապագայում նույնպես կշարունակենք օգնել»:
Հիշեցնենք, որ հայ –թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ՝ 2008 թ. աշնանը: 2009 թ հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում ստորագրել էին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» եւ «Երկկողմանի հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն արդեն 2009 թ. դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել: 2010 թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ դադարեցնում է հայ- թուրքական արձանագրությունների վավերականացման գործընթացը, արձանագրելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը: Թուրքիայի խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացման գործընթացը նույնպես սառեցված է: