Երեկո՝ նվիրված Թարգմանչաց տոնին

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Թարգմանչաց տոնը նշեց հոկտեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 11-ին Մոսկվայի «Հայորդյաց տանն» տոնին նվիրված երեկո անցկացվեց: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Մոսկվայի «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնը:

Այն մեկնարկեց «Հայորդյաց տան» «Ովսաննա» երգչախմբի՝ Սուրբ թարգմանիչներին նվիրված շարականի կատարմամբ։ Իսկ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանի հեղինակած՝ «Գարունդ հայերեն է գալիս» երգի կատարումից հետո ցուցադրվեց տոնի մասին պատմող ֆիլմ, որից հետո ՀԱԵ Քրիստոնեական առարկայի ուսուցիչ Աշոտ Ավետիսյանը ներկայացրեց տոնի խորհուրդն ու նշանակությունը։ Ներկաները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում առաջին դասարանցիները, հետաքրքրությամբ էին լսում բանախոսությունը, որի ժամանակ իմացան, որ տոնը նվիրված է Մեսրոպ Մաշտոցին, Եղիշեին, Մովսես Քերթողին, Դավիթ Անհաղթին, Գրիգոր Նարեկացուն, Ներսես Կլայեցուն, որոնց ներդրման և անձնվիրության շնորհիվ մենք ոչ միայն ունեցանք այբուբեն, այլև որպես ժառանգություն ստացանք հարուստ գրականություն։ Եվ պատահական չէ, որ մեր նախնիները գաղթի ու ջարդի տարբեր ժամանակաշրջաններում սեփական ունեցվածքը փրկելու փոխարեն իրենց զավակի հետ մագաղաթն են փրկել։

«Աստվածաշունչը՝ Աստծո խոսքը, ժողովրդին հասկանալի լեզվով բացատրելու համար օրհասական խնդիր էր այբուբենի ստեղծումը, քանի որ Հայաստանը գտնվում էր օտար լեզվի ազդեցության ներքո. Աստծո խոսքը հասանելի չէր ժողովրդին։ Այսօր պետք է փառք տանք Աստծուն, որ ունենք աստվածատուր այբուբեն, որը ձուլումից զերծ մնալու հիմնաքարերից մեկն է։ Այսօր պատահական չէ, որ 50-60 տարեկան մարդիկ գալիս են սովորելու իրենց նախնիների լեզուն, քանի որ տարիների հետ հասկանում են հայերենի իմացության կարևորությունը։ Առանց լեզվի, մեր հավատի, հայի գիտակցության ձուլումն անխուսափելի է։ Այսօր, ապրելով ոչ թշնամական երկրում, մենք անտեսում ենք ձուլման վտանգը, դրանով իսկ մոտեցնելով հայկականությունից հեռացնող իրականությունը։ Խնդրանքս է ձեզ, որ պահեք հայերենը, այն դարձնեք ձերը, սեփականը և փոխանցեք ձեր զավակներին, քանի որ մեր ավագ սերունդը, որոնց ներկայացուցիչները ձեզ հետ, նույն դասարանում հայերեն են սովորում, վկայում են, որ առանց հայերենի իմացության հայը լիարժեք չէ, իսկ լեզուն սովորելու համար տարիքը խոչընդոտ չէ»,- դիմելով ներկա երիտասարդներին՝ ասաց Աշոտ Ավետիսյանը։

Երեկոյի ընթացքում էկրանին ցուցադրվեց  Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների անցած ուղուն, ինչպես նաև տոնի խորհրդին վերաբերվող փաստագրական նյութեր։

a1

Scroll Up