ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Եգիպտոսում
Հոկտեմբերի 1-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ընդունելությանը ներկա էին Եգիպտոսի արտաքին գործերի, միջազգային համագործակցության, գյուղատնտեսության և այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Իր ողջույնի խոսքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը խոսեց վերջին ժամանակաշրջանում Հայաստանի ձեռքբերումների և հայ–եգիպտական հարաբերությունների ներկա փուլի մասին։ Դեսպան Մելքոնյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` բացահայտելով Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու դատապարտելով նրա կողմից հրադադարի ռեժիմի շարունակական կոպիտ խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծումները։ Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդի մասին` դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը և հոգատար վերաբերմունքը, որ եգիպտացիները ցուցաբերել են Ցեղասպանության արհավիրքը վերապրած և Նեղոսի ափերին ապաստանած հայերի նկատմամբ։